Վերադառնալ
12.05.2023

ԻՄ ՍՏԵՂԾԱԾ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ

ԻՄ ՍՏԵՂԾԱԾ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ

     «Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 2-րդ կուրսի սովորող Մելսիդա Ավետիսյանի հետ։

Գնացինք․․․․

-Խոսենք մանկությունից: Ինչպիսի՞ աղջնակ էիր, ի՞նչ երազանքներ ու հեքիաթներ կային մանկության տարիներին:

Փոքր տարիքից աչքի եմ ընկել իմ ակտիվությամբ, աշխուժությամբ, հարցասիրությամբ։ Ժպտերես, կայտառ աղջնակ էի, ապրում էի իմ ստեղծած աշխարհում, որտեղ ամեն ինչ այնքան հարթ ու դյուրին էր թվում։ Երազանքներ շա՜տ ունեի, բայց տարիքի հետ դրանք դարձան ցանկություններ, ապա՝ նպատակներ, որոնք կանխորոշում են իմ ամեն օրը։

 -Դպրոց նոր, ավելի հասուն կյանք: Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները: Ի՞նչ կհիշես։ Կպատմե՞ս այդ տարիներից:

Դպրոցում միշտ լավ եմ սովորել, ավարտել եմ գերազանցությամբ։ Դպրոցական տարիներս եղել են գերծանրաբեռնված, քանի որ դասերից զատ մասնակցում էի բոլոր առարկայական օլիմպիադաներին, ինտելեկտուալ մրցույթներին, մշակութային միջոցառումներին, որի արդյունքում էլ ձեռք եմ բերել այսպես կոչված «գերազանցիկի փսիխոլոգիա»։ Անդամակցում էի դպրոցում գործող գրեթե բոլոր խմբակներին, միշտ ամեն ինչի կիզակետում էի, որը շարունակվում է նաև Կրթահամալիրում։

- 2020 թվականը բոլորիս համար շրջադարձային եղավ։ Ի՞նչ փոխվեց քեզ մոտ 2020 թվականից հետո։

2020թ․ շատ բան փոխեց իմ կյանքում, քանի որ չարաբաստիկ պատերազմում կորցրի եղբորս։ Մի քանի րոպեում փշրվեց իմ հեքիաթային մոլորակը, որտեղ ես միշտ երազկոտ աղջնակ էի։ Ասել, թե հաղթահարել եմ այդ ցավը, կնշանակի ոչինչ չասել, ուղղակի մի պահ սթափվեցի ու հասկացա, որ ես դեռ պատասխանատու եմ ծնողներիս առաջ։ Եվ որոշեցի սովորել, առաջ գնալ, հաջողությունների հասնել երկուսիս փոխարեն՝ դրանով իսկ ժպիտ նկարելով ծնողներիս դեմքին։ Այսօր ես անում եմ ամեն հնարավորը, որպեսզի լինեմ լավագույնը, առաջինը, իսկ գրանցած յուրաքանչյուր հաջողություն կիսում եմ Եղբորս հետ, քանի որ Կրթահամալիրում սովորելը մեր երկուսի նպատակն էր, որը, ցավոք, միայնակ եմ իրագործում։

-Փոքրիկ իշխան. Անտուան դե Սենտ-Էկզյուպերի... Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը.

Իմ ստեղծած մոլորակը մեր հաղթանակած հայրենիքի տեսքն ունի, որտեղ հավերժ թևածում է խաղաղությունը, որն ապրում է ոչ թե իր որդիների կյանքի, այլ նրանց կերտած հաղթանակների շնորհիվ։ Իմ Մոլորակը հերոսների մոլորակ է, որտեղ բոլորն անմահ են։

- Ի՞ նչ է գիրքը քեզ համար: 

Գիրքն ինձ համար գիտելիքների աղբյուր է, մտքի վարժարան, սեփական կարծիքի դարբնոց ու  մտահորիզոնի ընդլայնման լավ հնարավորություն։ Ընթերցանությունը միշտ էլ իմ տարերքն է եղել։

   - Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է   իրական   կյանքից։  

Մանկուց ստեղծագործել եմ, սակայն պատերազմը փոխեց ստեղծագործություններիս թեման ու բովանդակությունը։ Հիմա մեծամասամբ գրում եմ Կարոտի, հայրենիքի, սպասման ու հավատի մասին։ Վերջերս լույս տեսավ իմ առաջին հեղինակային գիրքը` «Հրեշտակապետը», որն ամբողջովին նվիրված է եղբորս։ Ամենատարբեր իրավիճակներում ստեղծագործելն ինձ շատ է օգնում։

-   Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ այս շրջանում:

-Երազում եմ, որ իրականանա ամենանվիրական երազանքս։

Այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ, կարծում եմ, բոլորս նույն երազանքն ունենք. ապրել խաղաղ ու ապահով հայրենիքում,ապրել արժանի նրանց, ովքեր կյանք են դրել հայրենիքի փրկության զոհասեղանին։

 

-  Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

12 տարեկան էի, երբ իմացա կրթահամալիրի մասին ու որոշեցի, որ իրավաբան եմ դառնալու։ Այդ տարիքից արդեն պատկերացնում էի ինձ Կրթահամալիրում, իսկ կյանքն ամեն պահի ինձ ապացուցում էր, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Անգամ հիմա, երբ արդեն իրավաբան դառնալու ճանապարհին եմ, ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճիշտ որոշում եմ կայացրել։

-  Իրավաբանություն երեք բառով նկարագրի՛ր՝ ինչ է քեզ համար այն։

Ինքնավստահություն, ազատություն, պաշտպանվածություն։

-  Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունդ, ի՞նչ կընտրեիր:

Ես նորից ու նորից կընտրեի իրավաբանությունը, քանի որ այն իմ տարերքն է, բայց ծնողներս պնդում են, որ ես կարող եմ նաև լավ բժիշկ լինել։

-Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։

Կարծում եմ՝ դա կլինի ամենաճիշտ ու լավագույն ընտրությունը․ ուղղակի դա պետք է գիտակցված լինի. նախ` սեր դեպի մասնագիտությունը, այնուհետև` սեր դեպի քո ապագա ԵՍ-ը։

-   Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

Ես անդադար կարող եմ խոսել Հայրենիքից, քանի որ այն հավաքական կերպար է, այն կյանք է առել հազարավոր քաջերի ընդհատված կյանքերի հաշվին։ Խոսել Հայրենիքից, նշանակում է խոսել մեր հերոս տղերքի սխրանքների, կերտած պատմության ու իրենց կյանքի հաշվին հաղթանակներով բացված արշալույսների մասին։ Իսկ Հայոց արշալույսները միշտ հաղթանակներով են բացվելու։

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ

-Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

Համառ, ուժեղ, նպատակասլաց։

-       Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս: 

Ես ունեմ ևս մեկ հնարավորություն։

-       Օրն սկսում ես ժամը…

7:00-ին։

-        Սիրածդ աֆորիզմը:

Պարզությունը մեծագույն նրբագեղությունն է…

-        Սիրելի զբաղմունքդ:

Գրել, Ստեղծագործել։

-        Խորհուրդ, որը կտայիր…

Մինչ արձագանքելը մտածի՛ր,

Նախքան ծախսելը վաստակի՛ր,

Մինչ քննադատելը սպասի՛ր,

Նախքան հանձնվելը փորձի՛ր։

 -       Դու իրավաբան ես և…

Օրինապահ քաղաքացի։

-       Թե՞յ, թե՞ սուրճ։

Սուրճ։

-       Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)։

Միշտ ժպտալ է պետք…

 

Հարցազրույցը վարեց  ոստիկանության

 կապիտան Մարիետա Խերանյանը