Վերադառնալ
10.11.2022

ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՆ Է

ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՆ Է

 

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի  առկա  անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող Լիանա Մանուկյանի  հետ:

Գնացինք․․․․

- Խոսենք  Լիանայից ․․․ Որպես խորագիր` երեք նախադասությամբ պատմի´ր քո    մասին։

 -Առաջին հերթին ամենակարևորը՝ հայրենասեր եմ, հետաքրքրասեր, ասում են՝ չափազանց տաղանդավոր եմ։ Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունն ու բարությունը։ Տանել չեմ կարողանում դավաճանությունն ու սուտը։

- Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:

 -Չարաճճի երեխա եմ եղել։ Ցանկացած նոր երևույթ ինձ համար պարտադիր բացահայտման առարկա էր։ Մայրիկս ասում է, որ  իմ ոչ մի հարց անպատասխան չպիտի մնար։ Մանկությանս ամենահիշարժան ու ապագայիս համար կարևոր դրվագը քույրիկիս՝ ոստիկանի համազգեստով տեսնելն էր. այդ պահին հասկացա՝ ոստիկան եմ դառնալու։

-Իսկ որո՞նք էին մանկությանդ տարիների խաղերը:                        

աղեր այդքան էլ չէի սիրում։ Սովորաբար մուլտֆիլմեր էի դիտում ու լսում էի մայրիկիս պատմած հեքիաթները։ Տարօրինակ կթվա, բայց կասեմ, որ սիրում էի վատ հերոսներին։ Միշտ յուրաքանչյուր վատ հերոսի մեջ փորձում էի մի որևէ լավ գիծ տեսնել, արդարացնել նրան։

- Ինչպիսի՞ն էին դպրոցական տարիները:                                                       

-Դպրոցական տարիները կյանքի կարևոր փուլերից մեկն է, որի ընթացքում մենք փոխվում ենք, ստանում գիտելիքներ, լցվում հուշերով։ Երբ առաջին անգամ մտել եմ դպրոց, չեմ էլ պատկերացրել, որ հիշողությանս մեջ հավերժ պիտի մնա այդ օրը։ Սովորել եմ Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցում։ Լավ էի սովորում։ Ակտիվ աշակերտ էիմասնակցում էի բոլոր միջոցառումներին։

- Գիրք ո՞ր գիրքն է, որ երկրորդ անգամ կընթերցես։ 

-Գրքեր շատ եմ սիրում։ Ազատ ժամանակս, որ հիմա հազվադեպ ունեմ, անցկացնում եմ ընթերցանությամբ։ Մեծ սիրով կրկին կընթերցեմ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը։ Այն տարիներ շարունակ մարդկությանը հետապնդող նախապաշարմունքների,  իր ազատության և իրավունքների համար պայքարող հպարտ աղջկա մասին է։

- Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է   իրական   կյանքից։

-Նախասիրություններս շատ են՝ ասմունքում եմ, նվագում, գրում, նկարում։ Ամենից շատ նկարելն եմ սիրում։ Երբ նկարում եմ, կտրվում եմ աշխարհից, ու ամեն ինչ նոր գույներ է ստանում։

- Ինչի՞ մասին էիր երազում պատանեկության տարիներին:           

- Պատանեկան ու ամբողջ կյանքիս ամենաբաղձալի երազանքը խաղաղությունն է։

- Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը։                                               

-Ոստիկանի մասնագիտությունն առաջին հերթին պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Այս մասնագիտությունը, ինչպես արդեն նշել էի, ընտրել եմ դեռ մանուկ ժամանակ։ Այն ընտրել եմ հայրենիքիս ծառայելու, նրա արժանի զավակը լինելու անհուն մղումով։

-   Իրավաբանություն երեք բառով նկարագրի՛ր՝ ինչ է քեզ համար այն։            -

-Պաշտպանություն, ինքնավստահություն, ապագա…

- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:                                                               

-Դպրոցական վերջին տարիներին անհամբեր սպասում էի այն պահին, երբ կմտնեմ Կրթահամալիր ու ինձ հպարտ ուսանող կզգամ։ Իրականությունը լիովին համապատասխանում է պատկերացումներիս՝ նախկինից լիովին տարբերվող կյանք, հետաքրքիր առօրյա, նոր գիտելիքներ, նոր ընկերներ,  նոր ու շատ կարևոր փորձ։

-   Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունդ, ի՞նչ կընտրեիր:                                                     

-Ես միշտ կընտրեի ոստիկանի ու իրավագետի մասնագիտությունները։

- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։

-Եթե ընտրում եք Կրթահամալիրը, պետք է պատրաստ լինեք դժվարություններին, պիտի վստահեք ձեզ ու ձեզ հաղթողի դերում տեսնեք (պատմությունը պարտվողներին չի սիրում)։ Եթե ընտրում եք Կրթահամալիրը, հատկապես Ակադեմիան, պետք է հիշեք, որ դա շատ մեծ պատասխանատվություն է։ Պետք է գալ գիտելիք ստանալու ու հայրենիքին պատվով ծառայելու համար։ Կրթահամալիրը տալիս է բարձրակարգ կրթություն, ուղղակի պետք է վերցնել այն, հնարավորինս շա՜տ վերցնել։

- Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։

-Կյանքի շարժիչ ուժն ամեն ինչ ճիշտ ժամանակին գնահատել կարողանալն է։ Մարդիկ գնահատում են, երբ կորցնում են՝ չհասկանալով, որ կյանքը մեկն է, և գնահատել  միշտ է պետք։

 - Թեմա, որի շուրջ անդադար կխոսես։     

-Ես անվերջ կխոսեմ  այն մասին ու կպնդեմ այն փաստը, որ կանայք և տղամարդիկ հավասար են։

Բլից հարցեր

 -Պատասխանում ենք կարճ և արագ։

- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:                                                 

Խաղաղություն…

-Օրդ  սկսում ես ժամը․․․․

- ժամը 7։00-ին։

- Սիրածդ աֆորիզմը:                                    

- «Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ» (Բալզակ) ։

- Սիրելի զբաղմունքդ:                                    

-Ընթերցանություն։

- Արձա՞կ, թե՞ չափածո։

-Երկուսն էլ։

- Խորհուրդ, որը կտայիր։                             

-Երազանքդ դարձրո՛ւ նպատակ ու ամեն գնով հասի՛ր դրան։

- Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)         

-Հարցազրույցն ինձ շատ դուր եկավ: Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց խոսելու և արտահայտելու կարծիքս։

Հարցազրույցը վարեց

ոստիկանության կապիտան

 Մարիետա խերանյանը