Վերադառնալ
31.08.2021

Ավանդական հանդիպում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Ավանդական հանդիպում ուսումնական  տարվա մեկնարկին ընդառաջ

   -Արդյունավետ լուծված ամեն մի խնդիր նոր զինակից է մեզ, հաղթահարված ամեն մի բարձունք թիկունք ու ապավեն է՝ շարժվելու առճակատ նոր մարտահրավերներին,-2021-2022 ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը:

Օգոստոսի 31-ին կայացած հանդիպման ժամանակ Կրթահամալիրի պետն անդրադարձավ 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում Կրթահամալիրի կատարած աշխատանքներին, շնորհակալություն հայտնեց կրթության որակի բարելավմանը նպաստած ստորաբաժանումների ծառայողներին, իսկ տեղ գտած թերությունների վերացման ու կրթության որակն է՛լ ավելի բարձրացնելու վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ:

 Կրթահամալիրի պետն առանձնակիորեն շնորհակալություն հայտնեց անցած ուստարվա ընթացքում մարտահրավերներն արդյունավետ հաղթահարած ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, մասնավորապես՝ ուսուցման առցանց եղանակը բարեհաջող կազմակերպելու համար: Մ. Բաբայանը կարևորեց նաև ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայության համար նախատեսված դասընթացներն արդյունավետ կազմակերպած դասախոսների, ուսումնաօժանդակ անձնակազմի քրտնաջան աշխատանքները՝ ընդունելությունից մինչև դասընթացների ավարտը ցուցաբերած նվիրվածության և ժրաջանության համար:

-Մեր կարևորագույն  առաքելությունն այս տարի մեկն է լինելու. պետք է դժվարը դարձնենք սովորական, սովորականը դարձնենք հեշտ, իսկ հեշտը՝ հաճելի,-այս խոսքերով Կրթահամալիրի պետն ամփոփեց իր ուղերձը Կրթահամալիրի անձնակազմին՝ մաղթելով անվտանգ, խաղաղ և արդյունավետ ծառայություն նոր ուսումնական տարում:

Անձնակազմի հետ հանդիպմանը հաջորդեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 9-րդ նիստը: Նիստի մեկնարկին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների  ամբիոնը ճանաչվեց որպես 2020-2021 ուստարվա գիտական գործունեության լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանում:

Գիտական խորհուրդը, շարունակելով օրակարգային հարցերի քննարկումը, որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի մասնագիրը, հավանություն տալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական պլաններին, քննարկվեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոններին կից գիտական խմբակների 2020-2021 ուստարվա գործունեության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոնների 2020-2021 ուստարվա գիտական գործունեության արդյունքները: