Միջազգային գիտագործնական համաժողով՝ «Ոստիկանության բարեփոխումների արդի մարտահրավերները» խորագրով
Հուլիսի 7-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ առցանց ձևաչափով անցկացվեց «Ոստիկանության բարեփոխումների արդի մարտահրավերները» խորագրով 11-րդ միջազգային գիտագործնական համաժողովը։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի, ԱՊՀ գործընկեր բուհերի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչներ։
Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների գծով պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ նա ընդգծեց համաժողովի թեմայի արդիականությունը՝ նշելով, որ ժամանակակից պայմաններում ոստիկանության գործունեության կատարելագործումը, միջազգային փորձի ուսումնասիրությունն ու գիտական համագործակցության զարգացումը կարևոր նախապայմաններ են իրավապահ համակարգի շարունակական բարեփոխումների համար։
Է. Մարգարյանը շեշտեց, որ համաժողովը մասնագիտական երկխոսության, գիտական փորձի փոխանակման և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման կարևոր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում համատեղ քննարկելու ոստիկանության ոլորտի առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման արդյունավետ ուղիները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինա Գալիմովան։
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր բուհերի՝ ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտի, ՌԴ ՆԳՆ Նիժեգորոդի ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ներկայացուցիչներ։
Համաժողովն անցավ ակտիվ մասնագիտական քննարկումների, կառուցողական երկխոսության և միջազգային փորձի փոխանակման մթնոլորտում՝ ևս մեկ անգամ կարևորելով ՆԳՆ կրթահամալիրի՝ որպես իրավապահ կրթության և գիտագործնական համագործակցության հարթակի դերը։
