CEPOL-ի մենթորական ծրագրի շրջանակներում Իտալիայի ոստիկանության ներկայացուցչի այցը ՆԳՆ կրթահամալիր
Մարտի 24-ին ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) 2025 թվականի՝ «Միգրանտների անօրինական տեղափոխում» թեմայով մենթորական ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էր այցելել Իտալիայի Հանրապետության պետական ոստիկանության կենտրոնական օպերատիվ ծառայության պետի տեղակալ Ռոբերտո Տեզորինո Ֆերոլան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան, ոստիկանության փոխգնդապետ Ռ․ Բադալյանի ուղեկցությամբ։ Վերջինս վերոնշյալ մենթորական ծրագրի մասնակիցներից է։
Այցի շրջանակներում հյուրին ընդունեց Կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Կրթահամալիրի պրոռեկտորներ Մ․ Մարկոսյանը և Է․ Մարգարյանը, ինչպես նաև Միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին CEPOL-ի մենթորական ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության ընթացքը, ընդգծեցին փորձի փոխանակման կարևորությունը և դրա դերը իրավապահ համակարգի կարողությունների զարգացման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը և դրա տեղայնացման հնարավորություններին։
Ռեկտոր Մ․ Մուրադյանը բարձր գնահատեց նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ դրանք կարևոր հարթակ են մասնագիտական կարողությունների զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի ներդրման համար։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմամբ։
Այցի ավարտին հյուրի համար կազմակերպվեց շրջայց Կրթահամալիրի տարածքում, ներկայացվեցին ուսումնական ենթակառուցվածքները, մասնագիտացված լսարաններն ու գործնական ուսուցման հնարավորությունները։
