Վերադառնալ
15.05.2025

ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ

ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ

   Մայիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի նոր կազմով գիտական խորհրդի 2025 թվականի 6-րդ նիստը: Օրակարգային առաջին հարցի քննարկման արդյունքում հաստատվեց «Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի ընտրության, պատրաստման և պաշտպանության կարգ»-ը, որով սահմանվեցին ավարտական և մագիստրոսական աշխատանքի ներկայացման պարտադիր պահանջները:

   Օրակարգի երկրորդ հարցի քննարկման արդյունքում ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ին հաստատված մեթոդական խորհրդի կանոնակարգը: Այս որոշումն ընդունելու հիմք է հանդիսացել միասնական կրթահամալիրի համար միասնական մեթոդական խորհրդի ձևավորման հանգամանքը, ուստի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ին հաստատված մեթոդական խորհրդի կանոնակարգն այլևս չէր կարող գործել:

   Օրակարգի երրորդ և չորրորդ հարցերի քննարկման արդյունքում հաստատվեցին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հրատարակությունների ուղեցույցը և Ցիտման նորմերի պահպանման և գրագողությանը հակազդման մասին կանոնակարգը, որով սահմանվեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում իրականացվող հրատարակությունների տեսակները և գիտահետազոտական ոլորտում ցիտման նորմերը, գրագողության հիմնական տեսակներն ու ձևերը:

   Հինգերորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը: Հարկ է նշել, որ կրթահամալիրում ուսանողական գիտական ընկերությունը հիմնվում է առաջին անգամ: Հաստատված կանոնադրությամբ սահմանվեցին ՈՒԳԸ գործունեության ուղղությունները և անդամակցության պայմանները:

  Գիտական խորհրդի օրակարգային վեցերորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեց ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանումում հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կարգը: Նշված կարգն ամրագրում է ոստիկանական ուղղվածությամբ նախնական, միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հիմնական ընթացակարգերը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը:

   Քննարկման արդյուքում հաստատվեցին նաև Արհեստագործական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ուսումնական պլանը և Արհեստագործական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգը:

   Նշված երկու փաստաթղթերը հաստատվում են «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի տվյալ հոսքի ուսումնական գործընթացն սկսելուց առաջ, և դրանցում ներառվում են նախորդ հոսքի ընթացքում իրականացված մոնիթորինգային տվյալները՝ հաշվի առնելով նաև միջազգային գործընկերներից ստացված դիտարկումները:

  Քննարկման արդյունքում որոշվեց հաստատել նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումում հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կարգը և փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման սովորողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգը, որով սահմանվեցին ուսումնական գործընթացի իրականացման հիմնական ուղղությունները և կրթական գործընթացի առանցքային բաղադրիչները: Սահմանվեց նաև պրակտիկայի անցկացման առանձնահատկությունը փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման սովորողների և վերապատրաստվողների համար:

   Գիտական խորհուրդը հաստատեց նաև կրթական գործընթացի բարելավմանն ուղղված հարցումների անցկացման կարգը: Կարգում իրականացված լրացումներից և փոփոխություններից հիմնական մասը ներառվել էր ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով կազմված փորձագիտական խմբի կատարած դիտողությունների հիման վրա: հարկ է նշել, որ կարգում լրացում է կատարվել շրջանավարտների և գործատուների շրջանում իրականացվող հարցումների և դրանցից ստացված տվյալների օգտագործման մասով, որը նախորդ կարգավորումներով նախատեսված չի եղել: