Վերադառնալ
26.06.2025

Գիտական խորհրդի հերթական նիստում հաստատվել են կրթական ծրագրերի մասնագրեր, տպագրության երաշխավորվել մենագրություն և ուսումնական ձեռնարկներ, ընդունվել միասնական կրթահամալիրի ձևավորումով պայմանավորված որոշումներ

Գիտական խորհրդի հերթական նիստում հաստատվել են կրթական ծրագրերի մասնագրեր, տպագրության երաշխավորվել մենագրություն և ուսումնական ձեռնարկներ, ընդունվել միասնական կրթահամալիրի ձևավորումով պայմանավորված որոշումներ

   Հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի 8-րդ նիստը: Օրակարգային առաջին հարցի քննարկման արդյունքում ուժը կորցրած ճանաչվեցին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի 2019թ. մարտի 6-ի որոշումը, որով «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի «Խմբագրության կանոնադրությունը», «Հոդվածներին ներկայացվող պահանջների, գրախոսման և տպագրության կանոնակարգը», «Հրապարակումների էթիկան» և գիտական խորհրդում 2023թ. ապրիլի 28-ին հաստատված խմբագրական խորհրդի կազմը, քանի որ միասնական կրթահամալիրի ձևավորումից հետո նշված գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը և գիտական հոդվածներին ներկայացվող պահանջները փոփոխվել են և հաստատվել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի հրամանով:

   Օրակարգի երկրորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման կազմակերպման և անցկացման կարգի» նախագիծը և ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված կանոնակարգը: Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից հաստատվել էր կրթահամալիրի գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման կազմակերպման և անցկացման կարգ, որը վերանայված տարբերակով հաստատվեց սույն նիստի ընթացքում:

   Օրակարգի երրորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի՝ փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր–ժամանակացույցը, որով նախատեսվեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում իրականացվող բարելավման ուղղությունների միջոցառումները և դրանց պատասխանատուները:

   Գիտական խորհրդի հաջորդող հարցերի քննարկման արդյունքում հաստատվեցին «Իրավագիտություն», «Կառավարում»,  «Հոգեբանություն» մասնագիտությունների մագիստրոսի կրթական ծրագրերի, «Իրավագիտություն», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Կառավարում», «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունների բակալավրի կրթական ծրագրերի մասնագրերը և դրանց համապատասխան ուսումնական պլանները, տպագրության երաշխավորվեցին «Հաղորդակցման հոգեբանություն (ոստիկանության ծառայողների համար) և «Կրիմինալոգիա»  ընդհանուր մաս ուսումնական ձեռնարկները և «Իրավաբանական անգլերեն մեդիատեքստերի ընթերցանությունը համացանցի միջոցով մենագրությունը: