Միջբուհական ֆուտբոլային հանդիպում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հոկտեմբերի 10-ին Կրթահամալիրի և «Հայաստանի Եվրոպական համալսարան» հիմնադրամի ֆուտբոլի հավաքական թիմերի միջև կայացել է միջբուհական ընկերական ֆուտբոլային հանդիպում։
Հանդիպումը կազմակերպվել էր Կրթահամալիրի ուսանողական խորհրդի և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական մշակույթը և ամրապնդել բարեկամական հարաբերությունները երկու բուհերի ուսանողների միջև։
Խաղը տեղի ունեցավ ջերմ ու համերաշխ մթնոլորտում՝ լի մարտական ոգով և սպորտային պայքարով։ Թիմերը ցուցադրեցին բարձր մակարդակի խաղ, իսկ հանդիպումն ավարտվեց 3։6 հաշվով՝ հօգուտ Եվրոպական համալսարանի հավաքականի։
Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին երկու թիմերին՝ ակտիվ մասնակցության, գեղեցիկ խաղի և մարզական բարեկրթության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր են ուսանողական համագործակցության զարգացման և սպորտային արժեքների տարածման գործում։