Վերադառնալ
03.06.2025

Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում

Կրթահամալիրի ներկայացուցիչը Եվրոպոլում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի պետ Կարինե Սաֆարյանը մայիսի 26-27-ը Հաագայում մասնակցել է ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP II ծրագրի 3-րդ բաղադրիչի (հանցավոր սպառնալիքների գնահատում և հատուկ աջակցություն) շրջանակում կազմակերպված առաջին աշխատաժողովին։

   Մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Մոլոդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, իսկ Եվրամիջերկրածովյան գործընկերության երկրներից՝ Լիբանանի, Հորդանանի, Թունիսի, Մարոկկոյի ներկայացուցիչները։

   Աշխատաժողովի առաջին օրն ամբողջությամբ նվիրված էր հանցավոր սպառնալիքների վերաբերյալ ռազմավարական վերլուծություն իրականացնելու գործընթացի մանրակրկիտ ներկայացմանը։ Եվրոպոլի ռազմավարական վերլուծության թիմի ներկայացուցիչները ներկայացրին նմանօրինակ զեկույցների պլանավորման գործում զեկույցի տեխնիկական նկարագիր ունենալու կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց վերլուծական հարցեր առաջադրելու և Եվրոպոլի մշակած հանցավորության ցուցիչներին, որոնց օգնությամբ առաջադրվում են տարբեր հիպոթեզներ։ Օրակարգի բոլոր թեմաների վերաբերյալ մասնակիցները  ներկայացրել են իրենց փորձը, որ ձեռք են բերել ծրագրի 1-ին փուլի շրջանակում վերլուծական զեկույցի մշակման աշխատանքներ իրականացնելիս։ Վերլուծական հարցերի և ցուցիչների վերաբերյալ եղան գործնական վարժություններ։

   Աշխատաժողովի 2-րդ օրը ներկայացվեց SIRIUS նախագիծը։ Այն Եվրոպոլի և Եվրոջասթի հետ համատեղ իրականացվող նախագիծ է, որը ԵՄ անդամ երկրներին աջակցում է տարբեր ընկերություններից ձեռք բերել էլեկտրոնային ապայցույցներ։ Նախատեսվում է ընդլայնել նշված նախագիծը՝ այն հասանելի դարձնելու համար նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին։

   Հանդիպումը եզրափակվեց 3-րդ բաղադրիչի շրջանակում իրականացվող հերթական վերլուծական նախագծի պլանավորման վերաբերյալ երկու խմբերի հետ առանձին քննարկումներով։ Մասնակիցները համաձայնության եկան հաջորդ վերլուծական աշխատանքը ներկայացնելու ծրագրի շահառու երկրներում առաջնահերթություն համարվող հանցագործությունների վերաբերյալ՝ վաղ ազդարարման ծանուցումների կամ հետախուզական ծանուցումների ձևաչափով։