Վերադառնալ
16.02.2022

«Կուրսանտների գիտական փնտրտուք» թեմայով միջազգային կոնֆերանս

«Կուրսանտների գիտական փնտրտուք» թեմայով միջազգային կոնֆերանս

    Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության Մոգիլևի ՆԳՆ ինստիտուտի կողմից կազմակերպված «Կուրսանտների գիտական փնտրտուք» անվանումը կրող միջազգային կոնֆերանս-գիտաժողովը, որին մասնակցում էին կուրսանտներ Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի Հանրապետության համալսարաններից։ Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էր Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առկա անվճար 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Վարդան Եդիգարովը։ Կոնֆերանսի սկզբում բացման խոսքով հանդես եկավ Մոգիլևի ինստիտուտի պրոռեկտոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բորիսենկոն, ով նշեց, որ կոնֆերանսին մասնակցության համար ներկայացվել էր 234 հայտ՝ համապատասխան զեկուցումներով, որոնցից ընտրված 9 լավագույններին հնարավորություն էր ընձեռվել հանդես գալ ելույթներով, որոնց շարքում էր նաև Կրթահամալիրի ներկայացուցիչը։ Վարդան Եդիգարովը ներկայացրեց  զեկույց՝ «Օտարերկրյա անձանց մասնակցությամբ դատավարության առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ» վերտառությամբ․ գիտական ղեկավար՝ Կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Լուսինե Թասալյան։

   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի սովորող Վարդան Եդիգարովի զեկուցումն արժանացավ հատուկ ուշադրության։ Ինչպես փաստեց կոնֆերանսի կազմակերպչական կոմիտեն, այն արծարծում էր ոլորտին վերաբերող առավել արդիական հիմնախնդիրներ և արժեքավոր դիտարկումներ։