Կրթահամալիրում անցկացվեց HNS իրազեկման դասընթաց՝ EU-RESPOND ծրագրի շրջանակում
Ապրիլի 16-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացավ Հյուրընկալող երկրի աջակցության (Host Nation Support, HNS) և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) թեմայով իրազեկման դասընթացը՝ EU-RESPOND ծրագրի շրջանակում։
Դասընթացը միավորել էր Հայաստանի տարբեր պետական կառույցների ավելի քան 25 ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով բարձրացնել միջազգային արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը և խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։
ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը (UCPM), որը գործում է 2001 թվականից, հնարավորություն է տալիս համակարգված կերպով արձագանքել խոշոր աղետներին՝ ապահովելով միջազգային աջակցություն։ Սակայն նման աջակցությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ տուժած երկիրը պատրաստ է ընդունել և համակարգել այն։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի Հյուրընկալող երկրի աջակցությունը (HNS), որը ներառում է մուտքի ընթացակարգեր, մաքսային ձևակերպումներ, լոգիստիկա և համակարգման հստակ մեխանիզմներ։
Ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին UCPM-ի կառուցվածքը և հիմնական դերակատարները, քննարկվեցին միջազգային աջակցության դիմումի դեպքում ազգային լիազորությունները, ներկայացվեցին ԵՄ HNS ուղեցույցները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես կարող են հայկական կառույցներն առավել արդյունավետ կազմակերպել միջազգային թիմերի ընդունումն ու ինտեգրումը։
Նշվեց նաև, որ EU-RESPOND ծրագրի (2025–2028թթ.) շրջանակում նախատեսվում է անցկացնել երեք սեղանի վարժանք (TTX), որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի աշնանը։ Այս վարժանքները հնարավորություն կտան գործնականում փորձարկել HNS մեխանիզմները, բացահայտել հնարավոր թերությունները և կատարելագործել համակարգերը։
Իրազեկման այս դասընթացը կարևոր առաջին քայլն է՝ ուղղված Հայաստանի պատրաստվածության բարձրացմանը և միջազգային աղետներին արձագանքման ոլորտում փոխգործունակության ամրապնդմանը։
Միջազգային փորձագետների հետ հանդիպում ունեցավ նաև Կրթահամալիրի ռեկտոր Մ. Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին EU-RESPOND ծրագրի շրջանակում նախատեսվող հետագա քայլերը, մասնավորապես՝ սեղանի վարժանքների կազմակերպմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հյուրընկալող երկրի աջակցության (HNS) մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները։
