ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
07.04.2026

Կրթահամալիրում ներկայացվեց անօդաչու թռչող սարքերի ներուժը՝ համագործակցության զարգացման հեռանկարով

Կրթահամալիրում ներկայացվեց անօդաչու թռչող սարքերի ներուժը՝ համագործակցության զարգացման հեռանկարով

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվել է «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության կարողությունների ցուցադրություն։

   Միջոցառման շրջանակում ներկայացվել են անօդաչու թռչող սարքերի կիրառման ժամանակակից հնարավորությունները, դրանց կառավարման տեխնոլոգիաները, ինչպես նաև 3D մոդելավորման և արհեստական բանականության կիրառման գործնական լուծումները։

   Ցուցադրության նպատակն էր Կրթահամալիրի ղեկավարությանը ներկայացնել ոլորտում առկա տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հնարավորությունները՝ արտակարգ իրավիճակների կառավարման, աղետների ռիսկի նվազեցման և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում դրանց կիրառման հեռանկարներով։

   Միջոցառման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերի կիրառմանը որոնողափրկարարական աշխատանքներում, տարածքների մոնիթորինգում, ինչպես նաև հնարավոր վտանգների գնահատման և սցենարների մոդելավորման գործընթացներում։

   Նախատեսվում է, որ Կրթահամալիրի և «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կազմակերպության միջև մոտ ապագայում կստորագրվի համագործակցության հուշագիր, որի շրջանակում կիրականացվեն համատեղ կրթական, տեխնոլոգիական և գիտական ծրագրեր։

   Նշված համագործակցությունը միտված է Կրթահամալիրում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը և փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը՝ համահունչ աղետների ռիսկի կառավարման ժամանակակից պահանջներին։