ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
23.07.2026

Փրկարարների մասնագիտական կարողությունների զարգացում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտում

Փրկարարների մասնագիտական կարողությունների զարգացում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը շարունակում է արդիականացնել կրթական գործընթացները՝ զարգացնելով փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունները։

   Հուլիսի 20–22-ը Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիայի  և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի համագործակցության շրջանակում անցկացվեց «Անօդաչու թռչող սարքերի կիրառումը բնակչության պաշտպանության և որոնողափրկարարական աշխատանքներում» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողները։

   Դասընթացը կազմակերպվել էր երկու փուլով․ տեսական ուսուցումն ու գործնական պարապմունքների մի մասն անցկացվեցին Կրթահամալիրում, իսկ գործնական պարապմունքների մյուս մասը՝ «Ծիրան» ակադեմիայում, որտեղ մասնակիցները գործնական պայմաններում ամրապնդեցին ստացած գիտելիքները և կատարելագործեցին անօդաչու թռչող սարքերի կիրառման հմտությունները որոնողափրկարարական աշխատանքներում։

   Վերապատրաստման ընթացքում փրկարարները ծանոթացան անօդաչու թռչող սարքերի (դրոնների) անվտանգ և արդյունավետ կիրառման սկզբունքներին, ձեռք բերեցին դրանց կառավարման տեսական և գործնական հմտություններ,  ուսումնասիրեցին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձը որոնողափրկարարական աշխատանքներում և բնակչության պաշտպանության ոլորտում։

   Այսօր դրոնները դարձել են արտակարգ իրավիճակներին արձագանքման, անհայտ կորած անձանց որոնման, դժվարամատչելի տարածքների հետախուզման, աղետների հետևանքների գնահատման և օպերատիվ որոշումների ընդունման կարևորագույն գործիքներից մեկը։ Հետևաբար, դրանց արդյունավետ կիրառման հմտությունների զարգացումն էական նշանակություն ունի փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և որոնողափրկարարական գործողությունների արդյունավետության ապահովման համար։

   Կրթահամալիրը կարևորում է գործընկերների հետ համագործակցությունը՝ կրթական գործընթացներում նորարարական լուծումների ներդրման և գործնական կարողությունների զարգացման նպատակով։ Հայաստանի դրոնների ֆեդերացիայի հետ իրականացվող համագործակցությունը ևս մեկ քայլ է ժամանակակից տեխնոլոգիաները փրկարար ծառայության գործունեության մեջ ինտեգրելու և բարձր պատրաստվածությամբ մասնագետներ ձևավորելու ուղղությամբ։

   Կրթահամալիրը շարունակելու է ընդլայնել նման նախաձեռնությունները՝ նպաստելով ժամանակակից, գիտելիքահեն և նորարարական կրթական միջավայրի ձևավորմանը, որի գլխավոր նպատակը մարդկային կյանքերի պաշտպանությունն ու փրկությունն է։