Վերադառնալ
22.08.2025

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

   Օգոստոսի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման 2024-2025, ինչպես նաև նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Կրթահամալիրի, ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավարությունը, անձնակազմի ներկայացուցիչները, շրջանավարտները և նրանց հարազատները։

   Ներկաներին ողջունեց և ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Կրթահամալիրի ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը։ Խաղաղ երկրում բարի և անփորձանք ծառայություն մաղթելով՝ Մ․ Մարկոսյանն ընդգծեց, որ շրջանավարտները, մեծ ջանք, կամք և եռանդ գործադրելով, հասել են  դիպլոմն ստանալու նման պատվաբեր կետի։ Ըստ նրա՝ դիպլոմը ոստիկանական ծառայություն մուտք գործելու յուրօրինակ  բանալի է և պարտավորեցնող մեկնարկ։ Նա հույս հայտնեց, որ, ինչպես ուսումնառության տարիներին են ապագա ոստիկանները գիտելիքի ձեռքբերումը հաջողությամբ համատեղել ծառայության իրականացման հետ, այնպես էլ ծառայության մեջ արդեն կկայանան՝ շարունակելով սովորել, հմտանալ, փորձ և նոր գիտելիք ձեռք բերել՝ լիովին տիրապետելով իրենց գործառույթներին։

   Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ուղղված շնորհակալական խոսքում շրջանավարտ Լիլյա Կարապետյանն առանձնապես շեշտեց այն վստահությունը, որ հաղորդվել է իրենց ուսումնառության ընթացքում, ու կարևորեց, որ ստացած գիտելիքից բացի իրենց համար Կրթահամալիրի անձնակազմը նաև սովորելու, ծառայելու լավագույն անձնական օրինակ  է եղել։ 

   Շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին Կրթահամալիրի պրոռեկտոր Մ․ Մարկոսյանը և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանը։