Վերադառնալ
25.07.2025

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Կրթահամալիրում

   Հուլիսի 25-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցմամբ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Կրթահամալիրի ղեկավարությունը, անձնակազմի ներկայացուցիչները, շրջանավարտները և նրանց հարազատները։

   Տոնական արարողության մեկնարկը տրվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի 25.07․2025թ․ թիվ 2040-Ա հրամանի ընթերցմամբ, որի համաձայն՝ շրջանավարտները նշանակվել են ոստիկանության միջին խմբի պաշտոններում՝ ստանալով «ոստիկանության լեյտենանտ» կոչումներ, այնուհետև վերջիններիս հանձնվեցին ավարտական դիպլոմները։ Շրջանավարտներից 3-ն արժանացել են գերազանցության դիպլոմների, ինչը վկայում է նրանց բարձր պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական պատրաստվածության մասին։

   Միջոցառման ընթացքում Կրթահամալիրի ռեկտորը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ընդգծելով շրջանավարտների ջանքերն ու նվիրումը ուսումը հաջողությամբ ավարտելու գործում։ Իր խոսքում նա շեշտեց, որ «Իրավագիտություն» մասնագիտությունը ոչ միայն գիտելիք է, այլև մեծ պատասխանատվություն՝ ի շահ օրենքի գերակայության և հասարակության պաշտպանության։ Ռեկտորը շրջանավարտներին մաղթեց ուժ, հաստատակամություն ու նվիրում և հույս հայտնեց, որ նրանք պատվով կկատարեն իրենց ապագա մասնագիտական առաքելությունը հանրային ծառայության ոլորտում՝ դառնալով բարոյական բարձր արժեքներ կրող ոստիկաններ։

   Շրջանավարտներից Անգելինա Հովհաննիսյանը, հանդես գալով համակուրսեցիների անունից, երախտագիտության խոսք ուղղեց Կրթահամալիրի ռեկտորին և ողջ անձնակազմին՝ բարձր գնահատելով նրանց ցուցաբերած աջակցությունն ու մասնագիտական նվիրումն իրենց ուսման 4 տարիների ընթացքում։ Նա նշեց, որ ստացած գիտելիքները, փորձն ու արժեքներն ուղենիշ կդառնան իրենց ողջ մասնագիտական գործունեության ընթացքում։

   «Մենք երբեք չենք մոռանա այն ջերմությունն ու խրատը, որ ստացել ենք Կրթահամալիրում։ Վստահեցնում եմ, որ ես և իմ համակուրսեցիները կարդարացնենք բոլորիդ սպասելիքները», – ասաց նա։

   Ռեկտոր Մ․Մուրադյանը, ամփոփելով միջոցառումը, շրջանավարտներին հորդորեց երբեք չդադարել սովորել։