ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
08.01.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի տարեկան հաշվետվության ձևաչափի սահմանման շուրջ աշխատանքային քննարկում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի տարեկան հաշվետվության ձևաչափի սահմանման շուրջ աշխատանքային քննարկում

   Հունվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի տարեկան հաշվետվության ձևաչափի սահմանմանն առնչվող աշխատանքային քննարկում, որի նպատակն էր հստակեցնել հաշվետվողականության կառուցվածքը, բովանդակային շեշտադրումները և ներկայացման չափանիշները։

   Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ ռեկտորի տարեկան հաշվետվությունը պետք է լինի ոչ միայն ամփոփ տեղեկատվական փաստաթուղթ, այլ նաև կառավարման արդյունավետության, ռազմավարական նպատակների իրականացման և Կրթահամալիրի զարգացման դինամիկայի հստակ արտացոլում։ Մասնակիցները կարևորեցին հաշվետվության այնպիսի ձևաչափի ձևավորումը, որը կապահովի թափանցիկություն, փաստարկվածություն և վերլուծական մոտեցում՝ միաժամանակ հնարավորություն տալով համեմատել նախորդ տարիների արդյունքները և գնահատել առաջընթացը։

   Առանձին ուշադրություն դարձվեց հաշվետվության կառուցվածքային բաղադրիչներին՝ կրթական գործընթացի կազմակերպում, գիտահետազոտական և մեթոդական գործունեություն, կադրային քաղաքականություն, նյութատեխնիկական ապահովում, միջազգային համագործակցություն և ինստիտուցիոնալ զարգացման ծրագրեր։ Նշվեց, որ յուրաքանչյուր ուղղություն պետք է ներկայացվի չափելի ցուցանիշներով, հստակ եզրակացություններով և հետագա քայլերի տեսլականով։

   Քննարկման արդյունքում ձևավորվեցին ընդհանուր մոտեցումներ և առաջարկություններ, որոնք հիմք կհանդիսանան ռեկտորի տարեկան հաշվետվության ձևաչափի վերջնական մշակման համար։ Արձանագրվեց, որ սահմանվող ձևաչափը պետք է համապատասխանի պետական կառավարման համակարգում հաշվետվողականության բարձր չափանիշներին և նպաստի ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի շարունակական զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը։