Վերադառնալ
27.05.2022

Մեկնարկեց անգլերենի ուսուցման դասընթացը

Մեկնարկեց անգլերենի ուսուցման դասընթացը

        ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց աշխատակիցների համար նախատեսված անգլերենի ուսուցման դասընթացը, որն իրականացվում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափորոշիչներին համապատասխան:

Կրթահամալիրի աշխատակիցների համար օտար լեզվի ուսուցման դասընթացը նախատեսված է Կրթահամալիրի 2022-2026 թվականների ռազմավարական պլանի և գործողությունների կատարման  ժամանակացույցով: Աշխատակիցների նախապես ձևավորված խումբը լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով կանցնի քառամսյա դասընթաց, որը կազմակերպվել է Կրթահամալիրի վերապատրաստման կենտրոնի ու կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի կողմից՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շարունակական կրթության բաժնի համագործակցությամբ:

Դասընթացի մեկնարկին ներկա էր Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մարկոսյանը: Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Նշեց նաև, որ Կրթահամալիրում պարբերաբար իրականացվել են լեզվի ուսուցման դասընթացներ, որոնք միտված են եղել աշխատակիցների օտար լեզվի գիտելիքների զարգացմանը։ Պարոն Մարկոսյանը հավելեց նաև, որ այսուհետ Կրթահամալիրը լեզվի ուսուցման դասընթացները կիրականացնի ըստ ընտրված թիրախային խմբերի, և դասընթացի ավարտին կտրվի օտար լեզվի համապատասխան մակարդակը հավաստող փաստաթուղթ: