Վերադառնալ
08.07.2022

Պարեկային ծառայության դասընթացավարները ստացան իրենց հավաստագրերը

Պարեկային ծառայության դասընթացավարները ստացան իրենց հավաստագրերը

 

  Հուլիսի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ոստիկանության հիմնական տակտիկական պատրաստականություն» թեմայով վերապատրաստում վերապատրաստողների համար (ToT) դասընթացի մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դասընթացն ուղղված էր    «Պաշտպանական մարտավարություն» և «Հիմնական մարտավարություն»  ԾԻՄ թեմաների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը։

Մեկամսյա դասընթացը վարում էին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոնի ոստիկանական դեպարտամենտի տակտիկական հրահանգիչները՝ իրենց փորձը փոխանցելով ՀՀ ոստիկանությունում  պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման նպատակով անցկացվող դասընթացի ապագա  դասընթացավար-հրահանգիչներին։

Հավաստագրերի հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով դասախոսներին ու մասնակիցներին։ Վերջինս ընդգծեց դասընթացի կարևորությունը ապագա պարեկների դասավանդման գործում և ծրագրի հաջող իրականացման համար հատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ից ժամանած մասնագետներին:

ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավական հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյն իր երախտագիտությունը հայտնեց դասընթացի բոլոր կազմակերպիչներին, ինչպես նաև դասախոսներին՝ ընդգծելով ոստիկանական բարեփոխումների դերն ու կարևորությունը հասարակության և պետության համար։

    Միջոցառումն ավարտվեց հավաստագրերի հանդիսավոր հանձնմամբ: