Վերադառնալ
08.12.2025

Չեխ փորձագետների այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր․ փորձի փոխանակում, կարևոր թեմաներով խորացված ուսուցում և նոր համագործակցային հեռանկարներ

Չեխ փորձագետների այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր․ փորձի փոխանակում, կարևոր թեմաներով խորացված ուսուցում և նոր համագործակցային հեռանկարներ

   Չեխիայի Հանրապետության քրեական ոստիկանության և հետաքննության ծառայության բյուրոյի հետ համագործակցության ծրագրի շրջանակում սույն թվականի դեկտեմբերի 2–5-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «18 տարին չլրացած անձի հարցաքննությունը հատուկ սենյակում» թեմայով խորացված վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարում էին չորս չեխ փորձագետներ, որոնց այցը նպատակ ուներ ոչ միայն մասնագիտական հմտությունների փոխանցումը, այլև հայ ու չեխ գործընկերների համագործակցության ամրապնդումը։

   Վերապատրաստման դասընթացին մասնակցեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային և քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների ծառայողներ և Կրթահամալիրի աշխատակիցներ, որոնց միացել էին նաև այն ծառայողները, ովքեր սույն թվականի հունիսին Չեխիայի Հանրապետությունում մասնակցել էին չեխական կողմի հրավերով իրականացված ճանաչողական այցին։

   Դասընթացի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պրոռեկտոր Արմինե Հայրապետյանը՝ շնորհակալություն հայտնելով չեխ գործընկերներին և նշելով, որ երեխաների հարցաքննության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունն ու փոխանակումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության իրավապահ հատվածի մասնագիտական կարողությունների զարգացման համար։

   Չեխ մասնագետները ներկայացրին երեխայի հարցաքննության առանձնահատկությունները՝ ընդգծելով, որ իրավապահների գործողությունները պետք է լինեն ոչ միայն իրավաչափ, այլև զգայուն՝ կախված երեխայի հոգեբանական վիճակից և ընկալունակությունից։ Նրանք մանրամասն անդրադարձան իրենց երկրում գոյություն ունեցող մեթոդաբանությանը և գործող պրակտիկային՝ ներկայացնելով ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական ասպեկտները։

   Ընթացքում քննարկվեցին մի շարք առանցքային թեմաներ.

  • «Երեխաների հարցաքննությունը հատուկ սենյակում»․
  • Հարցաքննության հատուկ սենյակների տեխնիկական և նյութական պահանջները․
  • Երեխաների նկատմամբ բռնություն և սեռական դրդապատճառներով հանցագործություններ․
  • Կիբեռտարածքում երեխաների կողմից կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործություններ։

   Դասընթացի ամենակարևոր հատվածներից էր գործնական աշխատանքը։ Փորձագետները ցուցադրեցին հարցաքննության իրական օրինակներ՝ կիրառելով ինչպես անատոմիական, այնպես էլ հուզական տիկնիկներ, որոնք օգտագործվում են տուժած երեխաների հետ աշխատանքում, հատկապես՝ ընտանեկան և սեռական բռնության դեպքերում։

   Նրանք առանձնահատուկ ուշադրություն դարձրին այն գործելակարգերին, որոնք թույլ են տալիս խուսափել երեխայի կրկնակի տրավմայից, ապահովել նրա անվտանգությունն ու հոգևոր կայունությունը։

   Գործնական դասընթացի ընթացքում վերապատրաստվողները ներգրավվեցին խմբային աշխատանքների մեջ, խաղարկեցին զանազան իրավիճակներ և ստացան մեկնաբանություններ չեխ փորձագետների կողմից։

   Չեխ փորձագետները հանդիպում ունեցան Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի հետ և քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Այցի ընթացքում նրանք շրջեցին Կրթահամալիրի տարածքում՝ ծանոթանալով վիրտուալ իրականության (VR) սրահին, վիրտուալ հրաձգարանին, սիմուլյացիոն սենյակներին, որտեղ անցկացվում են սովորողների գործնական պարապմունքները։ Այցելեցին նաև Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն, որտեղ նրանց ներկայացվեց կենտրոնի գործունեությունը և երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։

   Այցն ամբողջացավ կարևոր նախաձեռնությամբ․ չեխ գործընկերները Կրթահամալիրին նվիրեցին երեխաների հարցաքննության համար նախատեսված տիկնիկների երկու լրակազմ։ Նվիրատվության փաստը պաշտոնապես ամրագրվեց համապատասխան արձանագրությամբ։