Վերադառնալ
31.10.2025

Հանդիպում՝ կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվելիք վերապատրաստումների պլանավորման նպատակով

Հանդիպում՝  կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվելիք վերապատրաստումների պլանավորման նպատակով

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Հայաստանյան խաղաղության նախաձեռնության (API) միջև ընդլյանվող համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել  կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող վերապատրաստումներ՝ ֆրանսիացի փորձագետների ներգրավմամբ։ Ծրագրի պլանավորման, մասնավորապես՝ վերապատրաստվողների շրջանակը, թեմաները և դրանց մատուցման խորությունն ու տևողությունը որոշելու նպատակով  հոկտեմբերի 30-ին կայացել է հանդիպում, որին ներկա էին Կրթահամալիրի ղեկավար կազմը, մասնակիցներ և սովորողներ ոստիկանական ուսումնական ստորաբաժանումից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՆԳՆ  ոստիկանության   քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունից։  

   Ռեկտոր Մանուկ Մուրադյանը ողջունեց և կարևորեց Հայաստանյան խաղաղության նախաձեռնության հետ համագործակցության մեկնարկը, որն առաջիկայում կամրագրվի հուշագրի ստորագրմամբ և առավել որոշակի կդառնա արդեն 2026թ-ին՝ փրկարար անվտանգության առաջին օգնության, ինչպես նաև  կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող դասընթացներով։ Մ․Մուրադյանը ներկայացրեց կազմակերպության ներկայացուցիչներ Պատրիկ Ապրիլին և կիբեռանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանին` ողջունելով նրանց պատրաստակամությունը Կրթհամալիրում կիբեռանվտանգության դասընթացներ կազմակերպելու, հատկապես՝ կիբեռհանցավորության դեմ պայքարում ֆրանսիական ժանդարմերիայի փորձը փոխանցելու հնարավորության համար։ Ֆրանսիացի հյուրերը ներկայացրին դասընթացներ անցկացնելու փորձը Հայաստանում՝ մանրամասնելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ տարիների համագործակցությունը կիբեռանվտանգության աճող մարտահրավերներին դիմակայող մասնագետների հմտություններն ամրապնդելու համար, ինչը հասցեագրված է ռազմավարական ոլորտների առանցքային դերակատարներին՝ բիզնես կազմակերպություններին, բանկերին, պետական հիմնարկներին և  նախարարություններին՝ նրանց տրամադրելով կիբեռսպառնալիքների կանխատեսման, բացահայտման և արդյունավետ հակազդման համար անհրաժեշտ հիմնական գործիքներն ու մեթոդները։ Նշվեց, որ ՀՖՀՀ-ում կազմակերպվող ինտենսիվ դասընթացներին կարող են ներգրավվել Կրթահամալիրի սովորողներ։

   Մ․Մուրադյանի առաջարկով՝ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ հասցեական քննարկում ծավալվեց կիբեռհանցավորության դեմ արդյունավետ պայքարում մասնագետների վերապատրաստման անելիքներն ուրվագծելու նպատակով։  Ս․ Բարգիրջյանը  մատնանշեց Ֆրանսիայում բարենպաստ օրենսդրական դաշտի առկայությունը, օրինակներ բերեց մի շարք նեղ մասնագիտական հարցերով՝ անդրադառնալով հայտնի դեպքերին, եվրոպական երկրների հետ համագործակցության փորձին, արհեստական բանականության կիրառմամբ գործիքներին, պատասխանեց նաև սովորողների հարցերին։

   Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև կիբեռլաբորատորիաների գործունեության, ինչպես նաև կիբեռհանցագործությունները կանխելու մեթոդաբանությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Մ․ Մուրադյանը հրավերն ընդունելու համար իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ արդյունավետ քննարկման համար, որով դրվեցին ապագա դասընթացի կազմակերպման հիմքերը։