ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Կրիպտոարժույթներ և Dark Net» թեմայով աշխատաժողով
Հուլիսի 7-8-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Անկարայի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվել է «Կրիպտոարժույթներ և Dark Net» թեմայով երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովը վարել են DEA-ի Անկարայի գրասենյակի կցորդ Ջուլիա Կասիանոն և հատուկ գործակալ Ջոզեֆ Քելլին։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ գլխավոր դատախազության և Կրթահամալիրի ներկայացուցիչները։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են կրիպտոարժույթների կիրառմամբ կատարվող հանցագործությունների բացահայտման և քննության առանձնահատկությունները, իրականացրել կրիպտոարժույթի դեպքերի վերլուծություն, ուսումնասիրել Dark Net միջավայրի առանձնահատկությունները, անդրադարձել են թվային ապացույցների հավաքագրման, միջազգային համագործակցության և ժամանակակից մարտահրավերներին առնչվող այլ հարցերի։
Աշխատաժողովը նպատակ ուներ նպաստելու իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ թվային միջավայրում կատարվող հանցագործությունների բացահայտման և արդյունավետ քննության ուղղությամբ։
