Վերադառնալ
15.12.2025

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը ներգրավվել է ԵՄ Տիեզերական ցանցում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը ներգրավվել է ԵՄ Տիեզերական ցանցում

   ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը պաշտոնապես ներգարվվել է  Եվրոպական միության Տիեզերական ցանցի (EU Space Networks) կազմում՝ ստանալով Copernicus Ambassador-ի կարգավիճակ։ Այս քայլը կարևոր հանգրվան է Հայաստանի՝ եվրոպական տիեզերական տվյալների, գիտելիքի և նորարարության էկոհամակարգերին ինտեգրվելու գործընթացում։

   EU Space Networks-ը միավորում է 63 երկրների 315 մասնագիտացված կազմակերպություններ՝ ընդգրկելով ԵՄ Տիեզերական ծրագրի հիմնական բաղադրիչները՝ Copernicus, Galileo/EGNOS, IRIS², ինչպես նաև Տիեզերական իրավիճակային իրազեկում և տիեզերական նավիգացիայի կառավարում (SSA/STM)։ Ցանցը հիմնված է նախկին Copernicus Academy և Copernicus Relays նախաձեռնությունների վրա և նպատակ ունի խթանելու կրթությունը, հետազոտությունը, տվյալների մշակումը, կարողությունների զարգացումն ու երկխոսությունը տիեզերական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում։

   Կրթահամալիրի միացումը համակարգին պայմանավորված է նրա դերակատարմամբ՝ որպես առանցքային կրթական հաստատություն աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, անվտանգության և ճգնաժամային կառավարման կրթության ու կարողությունների զարգացման ոլորտներում։ Անդամակցությունն ընդգծում է նաև հաստատության հանձնառությունը՝ գիտահեն և տվյալահեն մոտեցումների ներդրման ուղղությամբ։

   Երկրի դիտարկման տվյալների հասանելիությունը կբարձրացնի կարողությունները ռիսկերի մոնիթորինգի, ազդեցությունների գնահատման, վաղ ազդարարման և հետաղետային վերլուծության ուղղությամբ՝ հատկապես ջրհեղեղների, սողանքների, անտառային հրդեհների, սեյսմիկ և կլիմայական ռիսկերի պարագայում։

   Ծրագրին մասնակցությունն ապահովում է հասանելիություն ԵՄ Տիեզերական ծրագրի ուսումնական նյութերին, վեբինարներին, փորձագիտական դասախոսություններին և կարողությունների զարգացման միջոցառումներին։ Սա թույլ կտա տիեզերական և արբանյակային տվյալների կիրառումը ներառել փրկարարների, ոստիկանության աշխատակիցների, վերլուծաբանների և ղեկավար կազմի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև հետբուհական կրթության և գիտական հետազոտությունների շրջանակում։

   Անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային համատեղ հետազոտությունների, փորձնական նախագծերի և նորարարական լուծումների մշակման համար՝ գեոտարածական վերլուծության, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

   Copernicus Ambassador-ի կարգավիճակը ՆԳՆ կրթահամալիրին ապահովում է պաշտոնական ճանաչում՝ որպես ԵՄ Տիեզերական ծրագրի գործընկեր՝ մեծացնելով հաստատության տեսանելիությունը եվրոպական հաղորդակցման հարթակներում, մասնագիտական միջոցառումներում և ցանցային նախաձեռնություններում։