Ուսանողական շախմատի ներբուհական առաջնություն ՆԳՆ կրթահամալիրում
Դեկտեմբերի 25-26-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց ուսանողական շախմատի ներբուհական բաց առաջնություն, որը կազմակերպվել էր Կրթահամալիրի ուսանողական խորհրդի և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնի հետ համատեղ։
Առաջնությանը մասնակցեցին ոստիկանական, ինչպես նաև ճգնաժամային կառավարման և փրկարար ծառայության ուսումնական ստորաբաժանումների սովորողները՝ յուրաքանչյուր ստորաբաժանումից հինգական մասնակից։
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեցին ճգնաժամային կառավարման և փրկարար ծառայության ուսումնական ստորաբաժանման սովորողները։ Առաջին տեղը զբաղեցրեց Արտուշ Ավագյանը, երկրորդ տեղը՝ Անժելիկա Քոչարյանը, իսկ երրորդ տեղը՝ Սեդա Այվազյանը։
Հաղթողներին շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց Կրթահամալիրի ռեկտոր Մ. Մուրադյանը՝ ընդգծելով մրցույթների կազմակերպման կարևորությունը։ Ռեկտորը նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են սովորողների միջև առողջ մրցակցության և թիմային աշխատանքի զարգացմանը, ինչպես նաև ուսանողների մասնագիտական պատրաստվածության և ռազմավարական մտածողության կատարելագործմանը։
Մ. Մուրադյանը հավելեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են Կրթահամալիրի առաջատար դիրքերի ամրապնդմանը և ուսումնական գործընթացի բազմակողմանի զարգացմանը։
