ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
29.06.2026

ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է CEPOL-Ի TOPCOP II ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է CEPOL-Ի TOPCOP II ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

   Հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP II ծրագրի շրջանակում կազմակերպված OTNA (Training Needs Assessment)՝ ուսուցման կարիքների ազգային վերլուծությանը նվիրված աշխատաժողովը։

   Միջոցառմանը մասնակցել են ՀՀ իրավապահ համակարգի տարբեր մարմինների ներկայացուցիչներ և CEPOL-ի TOPCOP II ծրագրի փորձագետներ։

   Աշխատաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը՝ կարևորելով միջազգային համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կրթության շարունակական զարգացման դերը կազմակերպված և ծանր հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում։

   Ռեկտորն ընդգծել է, որ Հայաստանի իրավապահ համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումների պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից մարտահրավերներին համահունչ մասնագիտական կարողությունների զարգացումը և ուսուցման առաջնահերթությունների հստակեցումը։ Նա նշել է, որ CEPOL-ի TOPCOP II ծրագրի հետ համագործակցությունը նպաստում է եվրոպական լավագույն փորձի ներդրմանը և կրթական ծրագրերի կատարելագործմանը։

   Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, կիբեռհանցագործությունները, ֆինանսական հանցագործությունները, մարդկանց թրաֆիքինգը, հիբրիդային սպառնալիքներն ու ապատեղեկատվությունը, ինչպես նաև իրավապահ գործունեության ռազմավարական և մարտավարական վերլուծության զարգացման հարցերը։

   Միջոցառման նպատակն էր գնահատել Հայաստանի իրավապահ մարմինների ուսուցման կարիքները և նախանշել այն ուղղությունները, որոնց շրջանակում հետագայում պետք է իրականացվեն թիրախային վերապատրաստման ծրագրեր։