Առցանց դասընթաց՝ միջազգային փորձագետի ներգրավմամբ
ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և օպերատիվ համագործակցություն (ԹՈՓՔՈՓ)» ծրագրի աշխատակազմի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության 50 ծառայողի համար առցանց ձևաչափով անցկացվեց դասընթաց՝ «Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքում կառավարման կենտրոնացված և ապակենտրոնացված մոդելները» խորագրով։ Այն վարում էր Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի ոստիկանության ծառայող Ջմայլ Աբազին, ով մասնագիտացած է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված բարձր ռիսկայնության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարում։
Դասընթացի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը։ Ներկայացնելով դասընթացավարին և կարևորելով միջազգային փորձի փոխանակումը՝ Ա․ Սուքիասյանը արդյունավետ քննարկում մաղթեց մասնակիցներին։
Ջ․ Աբազին անդրադարձավ ոստիկանության օպերատիվ գործունեության մեջ կիրառվող կենտրոնացված և ապակենտրոնացված կառավարման մոդելների գերմանական և եվրոպական մոտեցումներին, կիսվեց զգալի չափերով թմրամիջոցների առգրավման պրակտիկ դեպքերի հետ կապված որոշ դրվագներով՝ զուգահեռներ տանելով առաջնորդության և ղեկավարման, միջգերատեսչական համագործակցության կարևորության հետ։
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել դասընթացավարին։