ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են CEPOL-ի միջազգային վերապատրաստման դասընթացին
Հունիսի 8-12-ը Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում անցկացվել է Եվրոպական միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից կազմակերպված «Սեփականության դեմ ուղղված կազմակերպված հանցագործություններ» (Organised Property Crime – OPC) թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։
Դասընթացին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ գլխավոր դատախազության երկու դատախազներ։
Դասընթացի շրջանակում քննարկվել են սեփականության դեմ ուղղված կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, ոլորտում առկա արդի մարտահրավերներն ու հանցավոր խմբավորումների կողմից կիրառվող նոր մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավտոմեքենաների հափշտակություններին և ապօրինի շրջանառությանը, բանկոմատների նկատմամբ հարձակումներին, կրկնվող գողություններին, մշակութային արժեքների ապօրինի շրջանառությանը և կազմակերպված գույքային այլ հանցագործություններին։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության մեխանիզմներին, սահմանահատող հետաքննությունների գործիքներին, հետախուզական տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդներին, ֆինանսական հետաքննությունների և ակտիվների վերականգնման հնարավորություններին։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների լավագույն փորձը, ինչպես նաև քննարկվել են սեփականության դեմ ուղղված կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ուսումնական ծրագրի և համապատասխան ձեռնարկի մշակման ու կատարելագործման հարցերը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։
