Կայացավ TOPCOP II ծրագրի ազգային համակարգողների անդրանիկ հանդիպումը

Հունիսի 5-6-ը Բուդապեշտում կայացել է ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում վերապատրաստում և գործառնական համագործակցություն» (TOPCOP) ծրագրի երկրորդ փուլի ազգային համակարգողների առաջին աշխատաժողովը։
Կրթահամալիրից մասնակցում էր միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի պետ Կարինե Սաֆարյանը։
Օրակարգային կարևոր հարցերից էին TOPCOP ծրագրի շրջանակում փուլային վերապատրաստում անցնող ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից գիտելիքներն ազգային մակարդակում փոխանցելու գործընթացի իրագործումը, ինչպես նաև նշված վերապատրաստումների բովանդակությունն իրավապահ մարմինների կրթական հասատությունների ուսումնական ծրագրերում ներդնելը։
Քննարկումներ եղան CEPOL-ի 2025թ․ փոխանակման ու մենթորական ծրագրերի արդյունավետ իրականացման, իրավապահ մարմինների աշխատակիցների թվային կարողությունների ու հմտությունների զարգացման կարևորության վերաբերյալ։
Առանձին քննարկում նվիրված էր TOPCOP ծրագրի 3-րդ բաղադրիչի (հանցավոր սպառնալիքների գանահատում և հատուկ աջակցություն) համակարգողների դերին և վերջիններիս վերլուծական աշխատանքների կատարման կարևորությանը։ Կարողությունների հզորացման և վերլուծության գծով ազգային համակարգող Կ․ Սաֆարյանը ներկայացրեց ծրագրի առաջին փուլի շրջանակում վերլուծության գծով պատասխանատուների իրականացրած ողջ աշխատանքը, հանցավոր սպառնալիքների գնահատման ռազմավարական զեկույցի նախագծման ընթացքում հանդիպած բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, դրանց հաղթահարման ուղիներն ու լուծումները։ Կ․ Սաֆարյանն անդրադարձավ նաև 3-րդ բաղադրիչի արդյունավետ իրականացման հարցում ծրագրի մյուս բաղադրիչների համակարգողների կողմից աջակցություն ու համագործակցային մոտեցում դրսևորելու անհրաժեշտությանը։
Աշխատաժողովի ընթացքում վերահաստատվեցին ծրագրի տարբեր բաղադրիչների համակարգողների դերերի կարևորությունը, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, վերապատրաստման դասընթացներում ընդգրկված մասնակիցների հաշվետվողականությունը։
Աշխատաժողովի երկրորդ օրը նվիրված էր շահառու երկրների և CEPՕL-ի միջև երկկողմանի հանդիպումներին։ TOPCOP ծրագրի աշխատակազմի հետ հանդիպմանը քննարկվեցին 2024թ․ դեկտեմբերին ազգային գվարդիայի ձևավորմանն ընդառաջ՝ մարդու իրավունքների վերաբերյալ TOPCOP ծրագրի հետ համատեղ Կրթահամալիրում կազմակերպված դասընթացին հաջորդող անելիքները, մասնավորապես՝ նշված վերապատրաստման մասնակիցների կողմից համանման դասընթաց անցկացնելու կազմակերպչական հարցերը։
Քննարկվել են նաև միջազգային գործընկերների մասնակցությամբ համայնքային ոստիկանների համար համայնք և ոստիկանություն հարաբերությունների վերաբերյալ առցանց դասընթաց կազմակերպելու հնարավորությունը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։