ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
03.04.2026

«Գիտելիք, փորձ և համագործակցություն՝ հանուն անվտանգ ապագայի» նախաձեռնության շրջանակում կայացավ հերթական մասնագիտական միջոցառումը

«Գիտելիք, փորձ և համագործակցություն՝ հանուն անվտանգ ապագայի» նախաձեռնության շրջանակում կայացավ հերթական մասնագիտական միջոցառումը

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում է «Գիտելիք, փորձ և համագործակցություն՝ հանուն անվտանգ ապագայի» նախաձեռնությունը, որի շրջանակում  2026 թ ապրիլի 2-ին կայացել է հերթական՝ երկրորդ մասնագիտական հանդիպում-քննարկումը՝ ուղղված ուսումնական գործընթացի զարգացմանը, մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդի գիտելիքների փոխանցմանը։

   Միջոցառման շրջանակում Կրթահամալիրում հյուրընկալվել էր միջազգային փորձ ունեցող մասնագետ Արա Նազինյանը, որի մասնագիտական գործունեությունը ներառում է աղետների ռիսկերի կառավարումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, սոցիալական զարգացումը և ռազմավարական պլանավորումը։

   Հանդիպման ընթացքում ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման հիմնական փուլերը Հայաստանում, անդրադարձ է կատարվել ազգային ռազմավարությունների մշակման և կիրառելիության խնդիրներին, պետական կարողությունների զարգացման մարտահրավերներին, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետությանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվել ժամանակակից գլոբալ ռիսկերին, վաղ նախազգուշացման համակարգերին, հետաղետային վերականգնման գործընթացներին և քաղաքային զարգացման մեջ ռիսկերի կառավարման ինտեգրմանը։

   Քննարկման ընթացքում նաև կարևորվել է կրթական հաստատությունների դերակատարությունը ոլորտի զարգացման գործում՝ ընդգծելով ուսանողների մասնագիտական կողմնորոշման, կարողությունների զարգացման և ոլորտում ներգրավման անհրաժեշտությունը։

   Արա Նազինյանը ներկայացրել է նաև իր բազմամյա փորձը՝ ընդգրկելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ազգային և տարածաշրջանային ծրագրերի իրականացման, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունների մշակման ուղղություններով իրականացված աշխատանքները։

   Միջոցառումն անցել է ակտիվ քննարկումների ձևաչափով՝ ներառելով հարցուպատասխան և լսարանի ինտերակտիվ ներգրավվածությունը, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին ստանալ գործնական և կիրառելի գիտելիքներ։

   Նման ձևաչափով մասնագիտական հանդիպումները նպաստում են Կրթահամալիրի ուսանողների և դասախոսական կազմի գիտելիքների հարստացմանը, միջազգային փորձի տեղայնացմանը, ինչպես նաև կրթահամալիրի՝ որպես ոլորտային մասնագիտական հարթակի դերի ամրապնդմանը։

   Կրթահամալիրը շարունակելու է նախաձեռնությունը՝ ապահովելով ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ պարբերական հանդիպումներ և ստեղծելով նոր հնարավորություններ մասնագիտական գիտելիքի և փորձի փոխանակման համար։