Վերադառնալ
24.06.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այցելել է ոստիկանության կրթահամալիր

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այցելել է ոստիկանության կրթահամալիր

   ՀՀ ոստիկանության պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով՝ հունիսի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջեց ոստիկանության կրթահամալիրում, հանդիպեց ապագա պարեկներին, ծանոթացավ ուսումնական գործընթացին։ Ոստիկանության, ինչպես և կրթահամալիրի ղեկավար կազմը վարչապետի պաշտոնակատարին ներկայացրին պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ արված աշխատանքները: Այդ գործում, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ներկայացվեցին նաև պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Կառավարության անդամների ու ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ այլ հարցեր։