Կրթահամալիրը համալրում է իր լսարանային ֆոնդը
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կանոնադրական նպատակներից են հանրային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ոստիկանական և փրկարարական կրթությամբ մասնագետների պատրաստումը, ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների, ինչպես նաև ՆԳ նախարարության կարիքների համար համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց վերապատրաստումը և այլ գործառույթներ։
Որակյալ կրթության կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծումը ՆԳՆ բարեփոխումների առաջնահերթություններից է, ըստ այդմ՝ ուսումնառությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար, համաձայն ժամանակացույցի, Կրթահամալիրում գնահատվում են կրթական միջավայրի բարելավմանն ուղղված անհրաժեշտ ենթակառուցվածքները, նյութատեխնիկական հագեցվածությունը, իրականացվում են կրթական և մյուս տարածքների ձևավորման աշխատանքներ։
Կրթահամալիրի 1-ին (9-հարկանի) մասնաշենքում շահագործման են հանձնվել թվով 12 նոր լսարանններ, որոնք ամբողջությամբ հագեցված են ժամանակակից պայմաններում կրթություն իրականացնելու սարքավորումներով և տեխնիկական միջոցներով։
Կրթահամալիրում տեխնիկատնտեսական ու լոգիստիկ կարիքների գնահատման հիման վրա լսարանների վերազինմանը և կրթական միջավայրի բարելավմանը միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում՝ առաջիկայում ևս նախատեսելով շինարարական աշխատանքների իրականացում՝ ի նպաստ սովորողների գիտելիքների, հմտությունների և գործնական կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը։
