ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Սահմանների համալիր կառավարումը՝ որպես Հայաստանում սահմանապահ ծառայության կրթության բաղադրիչ» խորագրով աշխատաժողովը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) համագործակցությամբ անցկացվել է «Սահմանների համալիր կառավարումը՝ որպես Հայաստանում սահմանապահ ծառայության կրթության բաղադրիչ» խորագրով դասընթացավարների վերապատրաստման ներածական աշխատաժողովը։
Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել հայ դասընթացավարների կարողությունները՝ սահմանապահ ծառայողների կրթության և վերապատրաստման ծրագրերում Սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) սկզբունքները ներառելու և կիրառելու ուղղությամբ։
Աշխատաժողովը վարել են Էստոնիայից ժամանած մասնագետներ՝ Ինգե Լինդսաարը՝ սահմանապահ ծառայության և կրթության ավագ փորձագետ, և Լաուրի Տաբուրը՝ կրթության և իրավապահ գործունեության ավագ փորձագետ։ Նրանց մասնագիտական փորձն ու գործնական գիտելիքները հնարավորություն են տվել մասնակիցներին միջազգային փորձը քննարկել Հայաստանի ներկայիս ինստիտուցիոնալ և գործառնական համատեքստում։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ՆԳՆ մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը և DCAF-ի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Մ․ Մուրադյանը նշել է, որ Կրթահամալիրի համար կարևոր նշանակություն ունի սահմանների համալիր կառավարման վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը, հատկապես՝ սահմանապահ ծառայության կրթության և շարունակական վերապատրաստման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ժամանակակից սահմանապահ ծառայության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական և գործառնական հնարավորություններով, այլև ծառայողների համապատասխան գիտելիքներով, հմտություններով և մասնագիտական մտածելակերպով։
Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանի Սահմանների համալիր կառավարման ազգային մոդելի ներդրման և հետագա զարգացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների համատեքստում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՍՀԿ-ի կրթական բաղադրիչին՝ մասնավորապես ապագա սահմանապահների համար անհրաժեշտ գիտելիքների, մասնագիտական ընկալումների և գործնական կարողությունների ձևավորմանը։
Քննարկվել են նաև այն հնարավորությունները, որոնց միջոցով Սահմանների համալիր կառավարման սկզբունքները կարող են ներառվել սահմանապահների կրթական և վերապատրաստման ծրագրերում, ինչպես նաև այն հարցը, թե ինչպես դասընթացավարները կարող են գործնական և սովորողակենտրոն մեթոդներով ուսուցանել ռիսկերի վերլուծությունը, տեղեկատվության և հետախուզական տվյալների օգտագործումը, միջգերատեսչական համագործակցությունն ու գործառնական որոշումների կայացումը։
Որպես մասնագիտական հղման շրջանակներ և լավագույն փորձի աղբյուրներ՝ ներկայացվել են նաև Եվրոպական սահմանների համալիր կառավարման մոտեցումը, ՍՀԿ-ի վերահսկողության քառաստիճան մոդելը, CIRAM-ը և Եվրոպական սահմանների և առափնյա պահպանության գործակալության (Frontex) Միասնական բազային ուսումնական ծրագիրը (CCC)։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների միջև մասնագիտական փորձի փոխանակումն ու երկխոսությունը։ Միջգերատեսչական ներգրավվածությունը հնարավորություն է տվել քննարկել սահմանների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ համագործակցության մեխանիզմներն ու մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությունները։
Աշխատաժողովի ընթացքում ընդգծվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դերը՝ որպես մասնագիտական գիտելիքների փոխանցման, ժամանակակից իրավապահ և սահմանապահ ծառայության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման և համագործակցության մշակույթի զարգացման հարթակ։
Միջոցառումը հիմք է հետագա մասնագիտական քննարկումների և համագործակցության համար՝ ուղղված Հայաստանում սահմանապահ ծառայության կրթության և վերապատրաստման համակարգում Սահմանների համալիր կառավարման սկզբունքների արդյունավետ ներառմանը։
