Հանդիպում՝ համագործակցության ամրապնդման և ընդլայնման համատեքստում
ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի և Հայաստանյան խաղաղության նախաձեռնության (API) միջև ձևավորված արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման համատեքստում սույն թվականի հոկտեմբերի 23-ին Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ընդունեց Հայաստանյան խաղաղության նախաձեռնության առաջին բուժօգնության ուսուցման ծրագրի ղեկավար պարոն Պատրիկ Ապրիլին։
Պ․Ապրիլը նշեց, որ ներկայումս Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունն առաջին բուժօգնության ուսուցման ծրագրի շրջանակներում իրականացնում է դասընթացներ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և հարակից սահմանամերձ համայնքներում՝ ընդգրկելով համայնքային աշխատողների և կամավորների։ Նրա խոսքով՝ նման ուսուցողական ծրագրերը կարևոր են հատկապես սահմանամերձ համայնքներում բնակչության անվտանգության մակարդակը բարձրացնելու, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունները զարգացնելու և համայնքային դիմադրողականությունն ամրապնդելու տեսանկյունից։ Նա համոզմունք հայտնեց, որ Կրթահամալիրի հետ համագործակցության ամրապնդումը հնարավորություն կտա այդ ծրագիրը դարձնել առավել համակարգված, կայուն և արդյունավետ։
Ռեկտոր Մ․Մուրադյանը նշեց, որ Կրթահամալիրը մշտապես կարևորում է տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը հատկապես այն ուղղություններով, որոնք միտված են հանրային անվտանգության ապահովմանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածությանը և գիտելիքների զարգացմանը։ Նա ընդգծեց, որ Կրթահամալիրը պատրաստ է ոչ միայն շարունակել արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությունն առաջին բուժօգնության դասընթացների շրջանակում, այլև ընդլայնել փոխգործակցությունը Հայաստանյան խաղաղության նախաձեռնության կողմից իրականացվող այլ կրթական, հումանիտար և հանրային իրազեկման ծրագրերի ուղղությամբ։
Կողմերը քննարկեցին նաև նախկինում արդեն կնքված համագործակցության հուշագրի դրույթների վերանայման և ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպումն ավարտվեց փոխադարձ պատրաստակամության և գործընկերային հարաբերությունների հետագա խորացման մասին շեշտադրումներով։
