«Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» (API) կազմակերպության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Մայիսի 7-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» (API) կազմակերպության և Կրթահամալիրի միջև փոխըմբռնման հուշագրի կնքման արարողությունը։
Հուշագիրը միտված է կրթության, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության ուսուցման, համայնքային դիմադրողականության բարձրացման, ինչպես նաև անվտանգային իրազեկվածությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներում իրականացվող ուսուցողական նախաձեռնություններին, երիտասարդների մասնագիտական վերաինտեգրմանն ու արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների զարգացմանը։
Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, կարևորելով նման համագործակցությունների դերը, նշել է․ «Ժամանակակից անվտանգային մարտահրավերների պայմաններում կրթությունը, պատրաստվածությունն ու մարդակենտրոն համագործակցությունը պետության դիմադրողականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը միտված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև անվտանգ ու պատասխանատու հասարակության ձևավորմանը»։
Արարողությունն անցել է կառուցողական և համագործակցային մթնոլորտում՝ վերահաստատելով կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու և զարգացնելու երկարաժամկետ, արդյունավետ գործընկերությունը։
