Վերադառնալ
19.02.2021

Համագործակցության հուշագիր ՀՀ բացառիկ կրթօջախների միջև

Համագործակցության հուշագիր ՀՀ բացառիկ կրթօջախների միջև

   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. նպատակը Կրթահամալիրի և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի միջև համագործակցության հուշագրի կնքումն էր։

    Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը:

  ՀՀ իրավապահ մարմինների ուսումնական հաստատությունների միջև կնքված հուշագրի նպատակն է սահմանել համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կանոնակարգել նախատեսվող համատեղ միջոցառումները:

   Ըստ հուշագրի՝ կողմերի միջև համագործակցությունը կծավալվի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության, վերլուծության և դրանց վերաբերյալ գիտականորեն հիմնավորված խորհրդատվական եզրակացությունների տրամադրման, գիտական հետազոտությունների թեմատիկայի համատեղ մշակման և իրականացման, մասնագետների փոխադարձ ներգրավման և մի շարք այլ ուղղություններով: Նախատեսվող փոխգործակցության առաջնահերթություններ են համարվելու Կրթահամալիրի և Գիտաուսումնական կենտրոնի կրթական և գիտագործնական հետազոտական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև պահանջվող տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող աշխատակիցներ պատրաստելու ուղղությամբ առկա փորձի փոխանակումը:

   Ուսումնական հաստատությունների ղեկավարները, ընդգծելով համագործակցության կարևորությունը, երկուստեք նշեցին, որ համագործակցությունը լավ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների համար որակյալ կադրերի պատրաստման գործում։

    Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ համոզմունքով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու: