Ոստիկանության ծառայողի երդման հանդիսավոր արարողություն
Փետրվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Ոստիկանական գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով սովորողների «Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմը։
Սովորողները ՀՀ եռագույն դրոշի ներքո հանդիսավոր կերպով երդվել են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները:
Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, շնորհավորելով սովորողներին, կարևորել է երդման բովանդակային դրույթները՝ սահմանադրական կարգը, հայրենիքը և օրենքների գերակայություը՝ այն արժեքները, որոնք պետք է պահպանել, պաշտպանել և լինել հավատարիմ։
Գ․Գրիգորյանը նշել է, որ երդման հանդիսավոր արարողությունը՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանցավորության հակազդման և օրենսդրությամբ նախատեսված՝ ոստիկանության այլ խնդիրների իրականացման մեկնարկն է, և հաջողություններ մաղթել ուսման մեջ, որից հետո հնչել է ՀՀ օրհներգը:
