Երեք կին-երեք ճակատագիր․ «Ես կին եմ» ներկայացումը ՆԳՆ կրթահամալիրի բեմում
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակումբը լեփ-լեցուն էր․ Կրթահամալիրի ղեկավար կազմը, աշխատակիցներն ու սովորողները հավաքվել էին՝ դիտելու «Թատրոն 8» թատերախմբի «Ես կին եմ» ներկայացումը։ Ցուցադրությունն իրականացվում է որպես «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մաս՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, և համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
Ներածական խոսքում հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նշեց, որ ներկայացումը հիմնված է իրական փաստերի վրա, այն դատարանի առջև կանգնած երեք կանանց մոնոներկայացում է: Երեք կին և երեք ճակատագիր՝ տարբեր բնավորություններով, սոցիալական տարբեր ծագումով։ Նրանք ընտանեկան բռնության զոհեր են, որոնց դատում են հանցագործության համար․ մեկն այդ քայլին գնացել է երեխային սեռական շահագործումից փրկելու համար, մյուսը՝ փրկելով դեռ չծնված երեխային, երրորդը՝ այլևս չդիմանալով նվաստացմանը։ Ճակատագրեր, որոնք «հերոսուհիներին» հասցրել են հանրային կարծիքի պարսավելի եզրագծին՝ գուցե նաև վերջիններիս վարքագիծն ու ապրելակերպը մերժող կամ պախարակող նույն այդ հանրության, մերձավորների անտարբերության և իներտության պատճառով։ Ներկայացումը կոչ էր՝ կանխելու ընտանեկան բռնությունը, կանանց հանդեպ խտրական վերաբերմունքն ու շահագործումը, գեղարվեստական միջոց՝ բարձրաձայնելու ընտանեկան բռնության զոհերի օրախնդիր հարցերի մասին, հանրությանն ականջալուր դարձնելու նրանց խնդիրներին՝ հավատով, որ ապրումակցելով նման ճակատագրով դատապարտվածներին՝ հանդիսատեսը անհաղորդ չի մնա դիմացինի ցավին, կօժանդակի, կսատարի, կուղղորդի՝ առնվազն դուրս հանելով արատավոր հետագծից։
Հոգեբանը նաև վարեց դերասանների և հանդիսատեսի մասնակցությամբ ներկայացմանը հաջորդող քննարկումը՝ ներկաներին հորդորելով կիսվել մտքերով, զգացողություններով և առաջարկներով։ Հնչած դիտարկումներից, հարցադրումներից ակներև էր, որ այսպիսի օրինակները եզակի չեն, դրանք խորհելու առիթ են տալիս, և ներկայացումը բարձրաձայնում է շատ կարևոր խնդիր, որի մասին պետք է խոսել, բայց նաև գտնել հաղթահարման ուղիներ ու միջոցներ։ Դահլիճից հնչեցին նաև մասնագիտական դիրքորոշումներ։
