Նորություններ

Վերադառնալ
21.04.2015

Հիշում եմ և պահանջում…

Հիշում եմ և պահանջում…

2015թ. ապրիլի 21-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի ղեկավարությունը, սպայական անձնակազմը, սովորողներ և հյուրեր:  Միջոցառման սկզբում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ առաջադեմ թուրք և ադրբեջանցի մտավորականների գործունեության վերաբերյալ, որոնք հալածվում են Թուրքիայի կառավարության կողմից հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Տեսաֆիլմի վերջում թուրք մտավորականները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծնկաչոք ներողություն են խնդրում իրենց նախնիների կողմից կատարած ոճրագործության համար:

Կրթահամալիրի սովորողները ներկայացրին Օսմանյան կայսրության և երիտթուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության չորս փուլերը: Այնուհետև նրանք հարգեցին  հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները, դատապարտեցին ժխտողականությունը և պահանջեցին աշխարհից ճանաչել հայոց ցեղասպանությունը, քանի որ ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը դրանք ճանաչելն է: Ներս բերվեցին Հայաստանի Հանրապետության և հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դրոշները:  Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական և գրական կոպոզիցիաներով:

Ավարտին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը պատվոգրեր հանձնեց նախապես հայտարարված ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթի հաղթողներին: Ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ղազարյանի կողմից շարադրության հաղթողներին հանձնվեցին Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի նոր հրատարակության օրինակները:  


ՀՀ ոստիկանության կրթահամալիր