Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (European Credit Transfer and Accumulation System) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում սովորողի ակադեմիական շարժունության (ուսանողական փոխանակումներ, ուսումնառության ժամանակահատվածներ օտարերկրյա բուհերում, կրթության շարունակում ավելի բարձր աստիճանում և այլն) ընդլայնման և որակավորումների ճանաչման մեխանիզմների ամբողջությունն է:

Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ECTS) իրենից ներկայացնում է համաեվրոպական միասնական կրեդիտային համակարգ, որն արտահայտում է մեկ ուսումնական տարում սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունը 60 ակադեմիական կրեդիտներով: Այն նախատեսված է բարձրագույն կրթության եվրոպական տարածքում սովորողների կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրին դարձնելու նպատակով: Համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգի սահմանումները և դրույթները ընդունված են Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում և գործում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերում։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը 2005 թվականին ստորագրել է Բոլոնիայի հռչակագիրը և ընդգրկվել վերջինիս պահանջներին համահունչ բուհական համակարգի բարեփոխումների գործընթացում, որից բխում է վերոշարադրյալ համակարգը:

Կրեդիտային համակարգն ուսուցման գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգ է, որում համապատասխան որակավորումը շնորհվում է ուսումնական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և քանակի կուտակումից հետո: Կրեդիտը դասընթացով կամ կրթական այլ մոդուլով նախանշված կրթական արդյունքներին հասնելու համար ուսանողից պահանջվող ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր է: ECTS կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածքը ներառում է ուսանողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական աշխատանքները, այդ թվում` մասնակցությունը դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքների կատարումը, քննություններին նախապատրաստվելը և դրանք հանձնելը, անհատական հետազոտությունը և այլն: Այն չափում է միայն ուսումնական բեռնվածությունը և չի ներառում կրթական ծրագրի այս կամ այն բաղադրամասի յուրացման որակը, դրա մակարդակը կամ բարդության աստիճանը, բովանդակությունը և այլն: Կրեդիտը սովորողին տրվում է միայն դասընթացով նախանշված կրթական ելքային արդյունքի գնահատման շեմային չափանիշները բավարարելուց հետո: ECTS կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը։ Ուսուցման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելիս հստակ սահմանվում են որակավորման շնորհման համար անհրաժեշտ կրեդիտների նվազագույն քանակը, այդ կրեդիտները ձևավորող դասընթացների և այլ բաղադրամասերի բովանդակային կազմը՝ ծրագրի պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկի տեսքով, դասընթացներին հատկացված կրեդիտները:

Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը բնութագրվում է մի շարք հատկանիշներով և ուղեկցվում համապա­տասխան ընթացակարգերով, որին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: