Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


01.09.2017 00:09

Գիտելիքի օրը կրթահամալիրում

Գիտելիքի օրը կրթահամալիրում

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, շնորհավորելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բոլոր սովորողներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շարքերը համալրած առաջին կուրսեցիներին, ընդգծեց, որ մասնագիտական գիտելիքի և հմտությունների կարևորությունն արդեն անվիճելի է, և որ ապագան մասնագիտական գիտելիքներով հարուստ ոստիկանինն է: ՀՀ ոստիկանությունը բարեփոխումների փուլ թևակոխելուց ի վեր ձեռնամուխ է լինում նաև ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունում արդի պահանջներին համահունչ կրթական համակարգի կատարելագործմանը: Պատահական չէ նաև օրվա խորհրդի կապակցությամբ  անցկացվող  ևս մեկ նոր մասնագիտական գրքի շնորհանդեսի անցկացումը: «Բանավոր պատկերի կազմման մեթոդիկան» ուսումնագործնական ձեռնարկը նվիրված է կրիմինալիստիկական տեխնիկայի բնագավառներից մեկի՝ արտաքին հատկանիշներով անձի կրիմինալիստիկական նույնացման տեսական և գործնական խնդիրների ուսումնասիրությանը: Սույն ձեռնարկը կօգտագործվի նաև ոստիկանության ծառայողների կողմից ամենօրյա խնդիրները լուծելիս: Բացի այդ, սույն ձեռնարկը նվիրված է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի՝ ուսումնական գծով տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Վարդան Օնիկի Պետրոսյանի հիշատակին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն իր և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմի անունից խորին երախտագիտությունը հայտնեց «Թովմասյան» բարեգործական ֆոնդին և հատկապես Արտակ Ռուբիկի Թովմասյանին՝ ուսումնագործնական ձեռնարկի տպագրման աշխատանքներում ցուցաբերած համակողմանի աջակցության համար:

 

Միջոցառմանը ներկա էին նաև ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Պետրոսյանի ընտանիքի անդամները: Վերջինիս որդին, ով դեռևս 2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունը, իր երախտիքի խոսքը հղեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին և ողջ անձնակազմին՝ հուզումնառությամբ ընդգծելով, որ ժամանակը մոռացության չի մատնել իր ծնողին, ով մարդկանց հետ շփվելու բացառիկ տաղանդ ուներ, որովհետև կարողանում էր հոգեբանորեն զգալ դիմացինի տրամադրությունը: 

Տոնական միջոցառման ավարտին կրթահամալիրի 9 ծառայողներ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լ. Երանոսյանի հրամանով պարգևատևվեցին «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով:


ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անահիտ Հարությունյան

Հարգարժա'ն  պարոն գեներալ-լեյտենանտ, սիրելի' դասախոսներ, գիտության ու կրթության գործի նվիրյալնե′ր, սովորողնե’ր, շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` 2001 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ   ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սեպտեմբերի մեկը հռչակվեց  որպես գիտելիքի օր: Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում եւ կանխորոշել է նրա սերունդների ապագան: Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող հասարակության մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Ոստիկանության մտավոր ներուժը նույպես այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության անվտանգությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Խոհուն ու բանիմաց ոստիկաններ կրթելը տարիներ շարունակ մեր կրթահամալիրի այցեքարտն է եղել:  Կրթահամալիրի այդ առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր ձեռքբերումների:

Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին կուրսեցիների համար:

Սիրելի’ առաջին կուրսեցիներ, ավարտական կուրսի սովորողներս մաղթում ենք, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորելու տարիները ձեզ համար լինեն մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և  աշխարհընկալման զարգացման ժամանակաշրջան:

Ոստկանության կրթահամալիրի ողջ անձնակազմը, ի դեմս հարգարժան գեներալ-լեյտենանտ պրն. Հովհ.Վարյանի, իր ներուժն է ներդնում խելացի և արժանավայել քաղաքացի ու  ոստիկան ձևավորելու գործում:  Դա մեկ նպատակ ունի. ապահովել մեր որակյալ  կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Իրենց կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը  հավատարիմ`  ամեն տարի ոստիկանության կրթահամալիրի տասնյակ շրջանավարտներ  համալրում են  ոստիկանության կուռ շարքերը, և նրանք  քաջ գիտակցում են, որ ծառայելով օրենքին՝ ծառայում են ժողովրդին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առաջին կուրսի սովորող Ահարոն Սարգսյան

    Մեծարգո՛ պարոն գեներալ-լեյտենանտ, սիրելի՛ դասախոսներ, սպաներ, սովորողներ, հարգելի՛ հյուրեր, ինձ համար մեծ պատիվ և երջանկություն է այսօր Ձեր առջև ելույթ ունենալը: Պատիվ է, որովհետև ես կանգնած եմ ոստիկանի համազգեստով և խոստանում եմ, որ այն միշտ պատվով եմ կրելու, և երջանիկ եմ, որ կատարվել է իմ վաղեմի երազանքը՝ ընդունվել եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր: Անչափ շնորհակալ եմ ընդունող հանձնաժողովին՝ արդար և անաչառ ընդունելություն կազմակերպելու համար:

     Խոստանում եմ, որ հավատարիմ մնալով իմ ընտրությանը՝ մշտապես կսիրեմ ոստիկանի մասնագիտությունը և կդառնամ այս համակարգի նվիրյալ զինվորը: Գիտակցում եմ, որ հեշտ մասնագիտություն չեմ ընտրել, սակայն պատրաստ եմ զինվել մասնագիտական գիտելիքներով և հետագայում համալրել ոստիկանության շարքերը ևս մեկ բանիմաց սպայով:

    Մեծարգո պարո՛ն գեներալ-լեյտենանտ, խնդրում եմ ներել համարձակությանս համար. Ձեր համազգեստն ինձ համար նույնպես երազանք է, և համաձայնվելով հայտնի ասացվածքի հետ՝ «Վատն է այն զինվորը, ով չի երազում գեներալ դառնալ», խոստանում եմ ձգտել և հասնել:

    Սիրելի առաջի՛ն կուրսեցիներ, իմ նո՛ր ընկերներ և ապագայում գործընկերնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա և գիտելիքի, գիր ու գրականության տոնի կապակցությամբ: Թող այս օրը դառնա նախաշեմ մասնագիտական կայացման ճանապարհին, և հաստատ քայլերով մտնենք նոր կյանք, ու որպես բարձրակարգ ոստիկաններ՝ մեր նպաստը բերենք մեր երկրի իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում:

    Բոլորիս բարի երթ: