Դիմորդ 2019


23.01.2019 00:01

Մոդուլային ծրագրերով ուսուցման կազմակերպման վերաբերյալ վերապատրաստման դասընթացի մեկնարկը կրթահամալիրում

Մոդուլային ծրագրերով ուսուցման կազմակերպման վերաբերյալ վերապատրաստման դասընթացի մեկնարկը կրթահամալիրում

2019թ. հունվարի 23-ին կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի նախաձեռնությամբ անցկացվեց մոդուլային ուսումնական ծրագրերով ուսուցման կազմակերպման վերաբերյալ մեթոդական վերապատրաստման դասընթացի առաջին դասախոսությունը, որը վարում էր Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը: Հանդիպումը կազմակերպվել էր կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության կողմից:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ակադեմիայի ղեկավարությունը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության, քոլեջի և ուսումնական կենտրոնի ղեկավար և տեսչական կազմերը, կրթության որակի ապահովման բաժանմունքի աշխատակիցները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, որը ներկայացրեց պարոն Սահրադյանին՝ ծանոթացնելով ներկաներին նրա աշխատանքային կենսագրությանը, և նշեց, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Ա. Սահրադյանը կրթահամալիրի անձնակազմին ծանոթացրեց իրենց կենտրոնի առաքելությանն ու գործունեությանը՝ նշելով, որ ՄԿՈՒԶԱԿ-ը զբաղված է կրթության ոլորտում բարեփոխումների մեթոդական սպասարկման հարցերով և կենտրոնի առանցքային խնդիրներից են նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կրթական չափորոշիչների, դրանց համապատասխան ուսումնական պլանների և մոդուլային ուսումնական ծրագրերի մշակումը, վերապատրաստման ծրագրերի կազմակերպումը և կրթական բարեփոխումների արդյունքների գնահատումը:

 Այնուհետև բանախոսն անցավ բուն նյութին՝ հանգամանալից ներկայացնելով մոդուլային ուսումնական ծրագրերով ուսուցման կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև արդյունքների գնահատման առանձնահատկությունները նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Նա մասնավորապես ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ուսուցման արդյունքում կարևոր է ստուգել ոչ թե սովորողների գիտելիքների մակարդակը, այլ այն, թե կկարողանան նրանք կիրառել արդյոք այդ գիտելիքները իրենց մասնագիտական գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում և ավարտին Ա. Սահրադյանին տրվեցին տարատեսակ հարցեր, որոնց նա սիրով պատասխանեց: Ներկայացվեցին տարբեր տեսակետներ:  Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: