Նորություններ

Վերադառնալ
20.09.2018

Երդվեցին ծառայել անկախ Հայաստանին

Երդվեցին ծառայել անկախ Հայաստանին

   «Հավատարիմ լինելով ՀՀ սահմանադրական կարգին` անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս...»,-ծառայության անցնելու երդման տեքստից մի հատված է, որը կարելի էր լսել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի առաջին կուրսեցիներից:  ՀՀ անկախության նախաշեմին նրանք երդվեցին արժանապատվորեն և ամենայն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին:

      2018թ. սեպտեմբերի 20-ին կայացած երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ, ոստիկանության գնդապետներ Հովհաննես Քոչարյանը, Աղասի Կիրակոսյանը, Վարդան Մովսիսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ինչպես նաև  սովորողների ծնողները, հարազատները:

         Երդման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումը: Այդ առիթով Կրթահամալիրի դահլիճում ամենուր եռագույնի երանգներն էին:

   - Մեր հայրենիքի անկախությունը ձեռք բերվեց պայքարով, արյամբ, հավատով և սիրով: Մենք այն երջանիկներից ենք, ում այդ անկախությունը ոչ միայն հպարտանալու առիթ տվեց, այլ նաև այն պահպանելու և պաշտպանելու արժանապատիվ հնարավորություն, - բացման խոսքում նշեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը:      

          ՀՀ ոստիկանության պետի և կրթահամալիրի պետի հրամաններով ՀՀ Անկախության օրվա և բարեխիղճ ծառայության համար խրախուսվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ: 

Միջոցառման ընթացքում 2017-2018թթ. ուսումնական տարվա լավագույն ամբիոն ճանաչվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնը:

          Ռազմահայրենասիրական, ազգային ու ժողովրդական երգերով հանրաճանաչ և սիրված երգիչներ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության զորքերի երգչախումբը ուրախ և հաղթական տրամադրություն  հաղորդեցին ներկաներին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կողմից նրանք ևս պարգևատրվեցին շնորհակալագրերով:

          Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Սարուխանյանի և ՀՀ ոստիկանության սերժանտ Ա. Ասլանյանի կողմից: