Դիմորդ 2018


05.02.2018 00:02

«Ժայռը» ժայռեղեն մարդու կյանքի պատումը…

«Ժայռը» ժայռեղեն մարդու կյանքի պատումը…

Արդեն վաղուց ավանդույթ դարձած ոստիկանության կրթահամալիրի ակումբը կրկին լեփ-լեցուն էր, սակայն այս անգամ հավաքվելու առիթը փոքր-ինչ այլ էր: Այստեղ էին որպեսզի կրկին անգամ հիշեն և բարձրաձայնեն մի մարդու կյանքի պատմություն: Մարդ, ով արտասովոր էր իր սկզբունքներով, վարվեցողությամբ, ինտելեկտով, պաշտոնավարելու իր ուրույն ոճով, դաստիարակչական հումորով, մարդու, հայրենիքի ու ընտանիքի հանդեպ տածած անափ սիրով… Նա արտասովոր էր իր էությամբ, ժայռեղեն ոգով, անկոտրում կամքով, ինչի համար էլ «Ժայռ» մականունն էր ստացել:

Հայաստանի Հանրապետության կրթահամալիրի ակումբում կազմակերպվել էր մեծարման ցերեկույթ՝ նվիրված լեգենդար ղեկավար Հրաչիկ Պետրոսի Պետրոսյանի ծննդյան 90 ամյակին: Հրաչիկ Պետրոսյանը եղել է միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցի առաջին տնօրենը, որը բացվել է 1966 թվականին: Նա յուրաքանչյուրի կյանքում յուրօրինակ հետք է թողել և յուրաքանչյուրի հուշերում ապրում է յուրովի:

Իրենց գեղեցիկ կատարումներով միջոցառմանը  տոնական տրամադրություն պարգևեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի երգչախումբը գեղարվեստական ղեկավար, ենթասպա Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը գեղարվեստական ղեկավար, ոստիկանության կապիտան Աննա Կարապետյանի գլխավորությամբ,  «Հրեշտակներ» մանկական երգչախումբը գեղարվեստական ղեկավար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի կրտսեր տեսուչ Ասատուր Ասլանյանը:

Ցերեկույթին ներկա էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ՀՀ ոսիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, կրթահամալիրի պետի տեղակալները, անձնակազմը, սովորողները և այլ հյուրեր: Հյուրերի թվում էին նաև Հրաչիկ Պետրոսյանի որդին ՝ Սամվել Պետրոսյանը և թոռը, ովքեր իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հրաչիկ Պետրոսյանին մեծարելու և գնահատելու համար: Ցերեկույթի ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի նախասրահում տեղի ունեցավ Անահիտ Չիբուխչյանի հեղինակած «Ժայռը» վերնագրով գրքի շնորհանդեսը: «Ժայռը» ժայռեղեն մարդու կենսապատում է, ով քայլել է կյանքի քարուղիներով ու հասել բարձունքների՝ պահպանելով բարձրագույն մարդու կոչումը: ՆԳՆ ուղղիչ աշխատանքների հիմնարկների վարչության պետ Հրաչիկ Պետրոսի Պետրոսյանի կյանքի պատումը նվիրումի պատմությունն է, որի յուրաքանչյուր էջ մարդուց դեպի լեգենդ տանող Ծիր Կաթին է:

Այնուհետև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի և հյուրերի հետ մասնակցեց ակադեմայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալը  հյուրերի  հետ ծանոթացավ ստեղծված աշխատանքային և լսարանային պայմաններին, մասնաշենքի տեխնիկական հագեցվածությանը: Մոտ 760 քմ. տարածքով նոր մասնաշենքը նախատեսված է 70-ից ավել սովորողների համար և հագեցած է ուսումնառության և ստեղծագործ ներուժի լավագույնս բացահայտման նպատակով հիմնված մասնագիտական լսարաններով: