Դիմորդ 2019


13.06.2019 00:06

Միջազգային գիտագործնական համաժողով՝ ոստիկանության կրթահամալիրում

Միջազգային գիտագործնական համաժողով՝ ոստիկանության կրթահամալիրում

2019 թվականի հունիսի 11-ից 13-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Անչափահասների հանցավորության հակազդման քրեաիրավական, քրեադատավարական և քրեաբանական հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը:

Անչափահասների հանցավորության վերաբերյալ հիմնախնդիրներն արդիական են միջազգային հանրության համար: Թեմայի տարատեսակ հիմնահարցերի վերաբերյալ զեկույցների, քննարկումների և լավագույն փորձի փոխանակման  նպատակով  կրթահամալիր   էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի  ոստիկանական 12 բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շտաբի, Քրեական հետախուզության գլխավոր և Հասարակայնության հետ կապի և լրատվության  վարչությունների, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները:

Համաժողովի առաջին օրը մասնակիցները հանդիպում ունեցան ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական ստորաբաժանումների առանձնահատկություններին:

Հունիսի տասներկուսին օրհներգների հնչյունների ներքո հանդիսավոր կերպով բարձրացվեցին մասնակից պետությունների դրոշները, որից հետո  հյուրերը ծաղիկներ խոնարհեցին  Արցախյան պատերազմի, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Այնուհետև Կրթահամալիրի դահլիճում մեկնարկեց միջազգային գիտագործնական համաժողովը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը: Նա ընթերցեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ողջույնի խոսքերը և հավելեց.

- Վստահ եմ, որ համաժողովի մասնակիցների ելույթները շոշափում են թեմայի հետ կապված բոլոր առանձնահատկությունները, այս ոլորտում իրավապահ մարմինների ձեռքբերումներն ու բացթողումները: Համաժողովի նպատակն է հենց այս հիմնահարցերի և հանցավորության զարգացումները կանխելու տարբերակների ուսումնասիրումը:

Մ. Բաբայանը կարևորեց նաև նմանօրինակ համաժողովների անցկացումը, որոնք միտված են առավել ամրապնդելու համագործակցությունը մասնակից երկրների բուհերի միջև: 

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:

Ռուսաստանի ՆԳՆ Վ. Յա. Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Իգոր Կալինիչենկոն ևս երախտիքի խոսքեր հղեց կրթահամալիրի ղեկավարությանը՝ բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար:

Մասնակիցներն իրենց զեկույցներում  բարձրաձայնեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են  անչափահասների հանցավորության հիմքում ընկած հոգեբանական և տարիքային առանձնահատկությունները, սոցիալական և հասարակական երևույթները, հանցավորության կանխարգելման ձևերը, վիճակագրությունը և զարգացման միտումները:

Համաժողովի ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը հանդիսավոր արարողությամբ եզրափակեց միջոցառումը:

Օտարերկրյա հյուրերի համար Հայաստան այցելությունը բաղկացած էր նաև մշակութային ծրագրից,  որի շնորհիվ նրանք ծանոթացան Հայաստանի պատմամշակութային արժեքներին ու հարուստ ժառանգությանը: