Դիմորդ 2019


25.11.2019 00:11

Ծաղրածուն, աշունը սրտում, թևածում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ծաղրածուն, աշունը սրտում, թևածում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Մի անգամ, երբ աշունը, իջնելով լեռներից, քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն»,- այսպես էր պատկերացնում Լեոնիդ Ենգիբարյանն իր սերը դեպի աշնանային Երևանը։

Նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում  «Ծաղրածուն՝ աշունը սրտում» խորագրով գրական հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված  լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանին։

Իրենց գեղեցիկ կատարումներով, թատերական ներկայացումներով ու պարային ելույթներով կրթահամալիրի անձնակազմին ու սովորողներին հաճելի անակնկալներով զարմացրին Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանները, Երևանի կրկեսի ստուդիայի սաներն ու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողները։

Միջոցառումն ամփոփեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու կարևորելով արվեստի դերը մարդու կյանքում։ Մասնակիցներին կրթահամալիրի պետի կողմից շնորհվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի տեսուչ Լիանա Սահակյանը։