Վերադառնալ
23.05.2020

Ոստիկանության ոլորտի բարեփոխումներ

Ոստիկանության ոլորտի բարեփոխումներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակներում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար  

         

ՀՀ կառավարությունը 2019թ.-ի դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, ինչը հաստատվեց ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:

Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:   

Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-սովորող» փոխհարաբերությունները: Այս ամենին զուգահեռ կարևոր է նաև Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցման կազմակերպումը:  

Ընտրության գործընթացը. 

  •   Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասընթացավարների մրցույթ (մայիսի 25 - հուլիսի 31),    
  •   Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 10) և հարցազրույց (հուլիսի 15-20` հարցազրույցի անցկացում, հուլիսի 21-31՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),      
  •   Առաջին փուլում տեղի կունենա փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ երկրորդ փուլում՝ հարցազրույց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ,
  •   Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում:      

Ովքեր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ. 

  •   Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),
  •   Առարկայացանկն ու ժամերը կցվում են (Հավելված 1),
  •   Անհրաժեշտ որակավորում՝ 

            - Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ   
            - ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)

  •  Պահանջվող հմտություններ՝    

           - Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում,
           - Հաղորդակցության հմտություններ,

  •   Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2),   
  •   Դիմումի ձևանմուշը կցված է (Հավելված 3),
  •   Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:

 

Վարձատրություն.

  •  1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ վարձատրություն՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):
  •  Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ: 

 

Այլ պայմաններ.

Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:  

Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրերի վերաբերյալ ուղեցույցներ:  

Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո նաև մարզերի համար պարեկային ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:

Հարցերի համար դիմել՝ 

+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ patrol@moj.am; info@edupolice.am (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):

Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։

Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին:

 

Հավելված 1. Առարկաների /մոդուլների/ ցանկը և ժամաքանակը

Հավելված 2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հավելված 3. Դիմում

Հավելված 4. Ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի /երկու ակադեմիական ժամ/ անցկացման տեսլականը