Նորություններ

Վերադառնալ
02.07.2018

«Ոստիկանության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով կրթահամալիրում

«Ոստիկանության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով կրթահամալիրում

2018 թվականի հունիսի 26-ից 28-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ոստիկանության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության շուրջ 10 ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների 13 ներկայացուցիչներ, որոնց թվում էին  ՌԴ ՆԳՆ Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալերի Վասիլիի Կոժոկարը, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Վալերի Նիկոլայի Պոլիշչուկը, ինչպես նաև ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետի առաջին տեղակալ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ոստիկանության գեներալ-մայոր Օլեգ Միտրոֆանի Բուլգակովը, ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Գենադիի Պարադնիկովը, ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետի առաջին տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Աննա Անատոլիի Տիմոֆեևան և այլոք:

Համաժողովի առաջին օրը մասնակիցները հանդիպում ունեցան ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական ստորաբաժանումների առանձնահատկություններին:

Հունիսի 27-ին հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Այնուհետև Կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ներկաներին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները: Համաժողովը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: 

ՌԴ ՆԳՆ Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալերի Վասիլիի Կոժոկարը ներկայացրեց «ՌԴ Ներքին գործերի նախարարության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով զեկույցը:

Զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև տարբեր երկրներում ոստիկանության զարգացման պատմական և ոստիկանության գործունեության իրավական ասպեկտները, խոսվեց նաև ոստիկանության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխհամագործակցության մասին, վեր հանվեցին ոստիկանության մարմինների միջև միջպետական համագործակցության  հիմնախնդիրները:

Ներկայացված զեկույցները հետագայում կտպագրվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 6-րդ համարում: 

Միջոցառման ավարտին ամփոփվեցին աշխատանքները, մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով և փոխանակվեցին հուշանվերներով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ֆ.Զիննուրովի կողմից պարգևատրվեց «Խորհրդային միլիցիայի 100 ամյակ» հոբելյանական հուշամեդալով, ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ա.Սիմոնենկոյի կողմից՝ «ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարան» հուշամեդալով, իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բ.Բուլատովի կողմից պարգևատևվեց «Իվան Ռոմանի Ալեքսեևի ծննդյան 100 ամյակ» հուշամեդալով:

Համաժողովի մասնակիցները հանդես եկան շնորհակալական խոսքով:

 

Միջոցառման օրերին նախատեսված մշակութային ծրագրի շրջանակներում հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության ողբերգական դրվագներին, ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ: Այնուհետև հյուրերն այցելեցին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, Հայաստանի պատմության թանգարան, եղան Սևանա լճում, Գառնիի հեթանոսական տաճարում և Գեղարդի վանական համալիրում: