Վերադառնալ
15.12.2023

«Փաստաթղթերի կեղծում» թեմայով դասընթաց ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ

«Փաստաթղթերի կեղծում» թեմայով դասընթաց ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ

   Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում սույն թվականի  դեկտեմբերի 11-15-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Փաստաթղթերի կեղծում» թեմայով վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների համար։ Դացընթացը վարում էր Ֆրանսիայի Հանրապետության սահմանային ոստիկանության կենտրոնական վարչության փորձագետ Պիեր Դեմերսմանը։

   Վերապատրաստման նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցում էին խնդրին առնչություն ունեցող՝ ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, այդ թվում՝ Կրթահամալիրի դասախոսներ։

   Հնգօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ճամփորդական կեղծ փաստաթղթերի հայտնաբերման նորագույն մեթոդներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ինքնուրույն ուսումնասիրելու կեղծ փաստաթղթերը և կիրառելու ձեռք բերված գիտելիքները՝ ներկայացված փաստաթղթերում տարաբնույթ կեղծիքների հայտնաբերման նպատակով։

   Դասընթացի արդյունքներն ամփոփելու նպատակով դեկտեմբերի 15-ին Կրթահամալիր էր այցելել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության տարածաշրջանային անվտանգության կցորդ Օլիվյե Լեֆեբրը։ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները, և երկուստեք պատրաստակամություն հայտնեցին դրանց իրականացման համար։

   Հանդիպման ավարտին կայացավ դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը, որի ընթացքում Մ․Մուրադյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին՝ նման արդյունավետ միջոցառում նախաձեռնելու համար, և հույս հայտնեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։ Օ․Լեֆեբրն էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները կբարձրացնեն գործառույթային պարտականությունների իրականացման արդյունավետությունը։