Վերադառնալ
19.11.2019

Միջազգային ոստիկանական ֆորում Չինաստանի Հանրային անվտանգության համալսարանում

Միջազգային ոստիկանական ֆորում Չինաստանի Հանրային անվտանգության համալսարանում

2019 թվականի նոյեմբերի 10-ից 15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանրային անվտանգության համալսարանում անցկացվեց Ոստիկանական կրթական համագործակցության միջազգային ֆորումի գործադիր կոմիտեի առաջին նիստը, որին մասնակցում էին 25 ոստիկանական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ 19 երկրներից։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ներկայացնում էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Է. Կարապետյանը։ Միջազգային ոստիկանական 11-րդ ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Չինաստանի Հանրային անվտանգության համալսարանի նախագահ Ցաո Շիքուան` նշելով. «Ոստիկանական կրթական համագործակցության միջազգային ֆորումը ստեղծում է բաց հարթակ, որը նպաստում է ակադեմիական փոխանակումների տարածմանը, մասնագիտական վերապատրաստմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը»։

Ֆորումի շրջանակներում անցկացվեց «Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով գիտական համաժողովը։ Համաժողովի ընթացքում տարբեր երկրների ոստիկանությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրներում կիբերհանցավորության զարգացման, հետաքննության, ապացույցների հավաքման, կիբերհանցավորության դեմ պայքարի ուղիների և միջազգային համագործակցության մասին։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից «Կիբերհանցավորությունը Հայաստանի Հանրապետությունում. արդի իրավիճակը և միտումները» թեմայով զեկույցով ելույթ ունեցավ Էլյա Կարապետյանը։

Ոստիկանական կրթական համագործակցության միջազգային ֆորումի գործադիր կոմիտեի (IFPEC) նիստի շրջանակներում ընտրվեց ֆորումի պաշտոնական տարբերանշանը, վերանայվեց 2020-2022 թվականների ընթացքում Ֆորումի գործունեության պլանը և որոշվեց 2020թ. հերթական հանդիպումն անցկացնել Պեկինում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։  Չինաստանի Հանրային անվտանգության համալսարանի փոխնախագահ Քսի Յանլիի հետ հանդիպման ընթացքում չինական կողմը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանին իր պատրաստակամությունը հայտնեց կրեդիտային շարժունության շրջանակներում իրենց բուհում ընդունելու կրթահամալիրի սովորողներին։

Իրանի Իսլամական Հանրապետության Ամինի միջազգային ոստիկանական ակադեմիայի նախագահ Հասան Ջավադի Նիականիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի պետ Մ. Բաբայանի հետ, որի ընթացքում քննարկվեցին  հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, և համագործակցության ուղղությամբ նախնական համաձայնություն ձեռք բերվեց։

Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Բախոդիր Մատլյուբովի հետ հանդիպման ընթացքում ուսումնական ծրագրերի համեմատական վերլուծություն (բենչմարքինգ) իրականացնելու համաձայնություն ձեռք բերվեց։

Կրթահամալիրի ներկայացուցիչները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկեցին նաև Իտալիայի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման միջազգային բարձրագույն դպրոցի նախագահի և Լոնդոնի ոստիկանական քոլեջի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ։