Նորություններ

Վերադառնալ
06.02.2019

Ամփոփվեցին կրթահամալիրում կատարված աշխատանքները

Ամփոփվեցին կրթահամալիրում կատարված աշխատանքները

           2019թ. փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ տեղի ունեցավ  կրթահամալիրի ստորաբաժանումների կողմից 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումը:

           Հանդիպման ընթացքում զեկույցներով և համեմատական վերլուծություններով ելույթ ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալներ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը և ոստիկանության փոխգնդապետ Գ. Առաքելյանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վ. Սայադյանը, ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Սուքիասյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա. Մնացականյանը, ինչպես նաև կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը:

        Հանդիպումն ամփոփեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է կատարված աշխատանքներից. «Ոգևորիչ է, որ այդ աշխատանքները գնահատելիս ոստիկանության ղեկավարությունն ավելի առատաձեռն է գտնվել՝ այն գնահատելով գերազանց: Սա ոչ թե իմ, այլ բոլորիդ և յուրաքանչյուրիդ աշխատանքի գնահատականն է»:

        Այնուհետև, կրթահամալիրի պետն ասաց, որ իր պաշտոնավարման վեց ամիսները շատ կարճ ժամանակահատված է, որպեսզի խոսվի ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին. «Հասկանալի է, որ ավելի երկար ժամանակ է պահանջվելու ուսումնական պրոցեսում կատարած որևէ քայլի, բարեփոխման արդյունավետությունը գնահատելու համար: Այստեղ շատ կարևոր է սկզբունքայնությունը, համառությունն ու համբերատարությունը: Վստահ եմ, որ մեր ձեռնարկած քայլերն անպայման տալու են իրենց արդյունքները»:

       -Ամբողջ կրթահամալիրը մեկ թիմ է: Ես և այդ թիմը նախանշված  խնդիրներն անպայման իրականացնելու ենք. կրթահամալիրի հեղինակությունը, ուսման որակը բարձրացնելու ենք ընդունելության, ընթացիկ և ավարտական քննությունների օբյեկտիվության ապահովմամբ, կրթահամալիրի հրաշալի պրոֆեսիոնալ դասախոսական կազմի նվիրական աշխատանքի միջոցով: Վստահ եմ, որ բոլորդ էլ ինձ հետ եք, ինձ պես պատրաստ եք առավելագույն ջանքերը ներդնել  ավելի լավ բուհ ունենալու,-ընդգծեց կրթահամալիրի պետը՝ հավելելով,- Ձեռքբերումներին զուգահեռ, այդուհանդերձ, եղել են նաև բացթողումներ, թերություններ, որոնց մասին հենց մենք պետք է առաջինը խոսենք, օբյեկտիվորեն ընդունենք և ձգտենք դրանց վերացմանը»:

         Մ. Բաբայանը հակիրճ անդրադարձավ նաև բուհի հաջողություններին՝ մասնավորապես մատնանշելով, որ  «Օրենքի պատվար»  ամսագիրն ընդգրկվել է ԲՈՀ-ի նախընտրելիների ցուցակում, կրթահամալիրի ներկայացրած հավատարմագրման հայտն  ընդունվել է լիազոր մարմնի կողմից: Նա նաև  որպես օրինակելի որակեց Քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ռ. Մուսայելյանի կողմից հայոց լեզու առարկայի առաջադիմությունը բարելավելու նպատակով իրականացված լրացուցիչ դասընթացների արդյունավետությունը, Ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանի և այլոց  ծանրաբեռնված ու նվիրված գիտամանկավարժական, ուսումնաօժանդակ գործունեությունը:

        Հանդիպման ավարտին կրթահամալիրի պետը շնորհակալություն հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բոլորին մաղթելով ուժ, եռանդ, իմաստություն և համբերություն 2019թ. դրված խնդիրները հաջողությամբ իրագործելու նպատակով: