Նորություններ

Վերադառնալ
28.12.2018

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն ուրախ տրամադրությամբ է դիմավորում գալիք Ամանորը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն ուրախ տրամադրությամբ է դիմավորում գալիք Ամանորը

Արեգակի շուրջ ևս մեկ պտույտ կատարելով` երկրագունդը զարդարվում է տարեմուտի լույսերով, տոնածառերով և փայլփլուն նախշերով: Տարվա առաջին օրը տարբեր ազգեր յուրովի են տոնում:

Նոր տարին դիմավորելիս մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում ինքն իրեն նորովի կերտելու, նոր ապրումներ, հույսեր ունենալու, նոր երազանքներ ու նպատակներ իրականացնելու:

Շուտով հայ ժողովուրդն էլ կնշի գրիգորյան տոմարով հաստատված Ամանորը` մուտք գործելով 2019 թվական:

2018թ. դեկտեմբերի 28-ին Նոր տարվա բերկրալի տրամադրությունը հանգրվանել էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ կրթահամալիրի տնտեսական բաժնի ակումբի անձնակազմն ամանորյա գեղեցիկ համերգ էր կազմակերպել աշխատակիցներին և սովորողներին ուրախ մթնոլորտ հաղորդելու համար:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ՝ միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի ամբողջ անձնակազմը՝ փոքրիկների հետ, և սովորողները:

Միջոցառումը վարում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ Թերեզա Մանուկյանը և ոստիկանության սերժանտ Լևոն Գրիգորյանը:

Հանդիսատեսն է՛լ ավելի ոգևորվեց,  երբ բեմ բարձրացան այնպիսի տաղանդաշատ աստղեր, ինչպիսիք են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանը, տաղանդաշատ երգիչ Վահե Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, աշուղական, ժողովրդական երգերի կատարմամբ հայտնի Մադլեն Ասրյանը, էստրադայի սիրված երգչուհի Արմինե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ՈԶ հրամանատարական ֆակուլտետի կրտսեր տեսուչ, ոստիկանության սերժանտ Ասատուր Ասլանյանը: Գեղեցիկ պարային կատարումներով ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության «Նկարագիր» համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է ոստիկանության մայոր Աննա Կարապետյանը։ Հայրենասիրական երգերով ելույթ ունեցավ «Սուիթ Դուո դուետ» համույթը, իսկ մանկահասակ Անուշիկ Հովսեփյանի զուռնայի հնչյունների ներքո բեմ բարձրացան փոքրիկ հյուրերը։  

Հյուրերին ողջունեցին Ձյունանուշը (կրթահամալիրի սովորող Անահիտ Բադալյան) ու Ձմեռ պապը (կրթահամալիրի ծառայության բաժնի հերթապահ մասի կրտսեր տեսուչ, ոստիկանության ավագ ենթասպա Կամո Առաքելյան): 

Ուշագրավ էր նաև կրթահամալիրի սովորողների շնորհավորական տեսաուղերձը, որը հայտնի «Կովկասի գերուհի» ֆիլմից փոքրիկ դրվագի վերաձևակերպված ու հումորային տարբերակն էր:

Իր շնորհավորական խոսքը հղեց հյուրերին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը՝ մաղթելով.

-Ցանկանում եմ, որ մեր ընտանիքներին, մեր պետությանը 2019թ. բերի է՛լ ավելի ամրություն, ուժ, հզորություն և խաղաղություն։

2018թ. մեր հայրենիքի, պետության, ժողովրդի համար բեկումնային, ձեռքբերումների և հաղթանակների տարի էր:

Կրթահամալիրի պետը ներկաներին հորդորեց նաև, որ Նոր տարվա գիշերը բոլորն իրենց ընտանիքի անդամներին, ծնողներին, ընկերներին ու մտերիմներին խոստանան, որ 2019թ. նրանց համար դարձնելու են լույսի, հաղթանակի տարի:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ: